Փետրվարի 18-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպել է Ակադեմիայի 2019թ-ի ունկնդիրներին՝ դատավորների թեկնածուների հավակնորդներին և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց:

Այս տարի ունկնդիրների թվում են դատավորների թեկնածուների 19 հավակնորդներ (12-ը՝ քաղաքացիական, 5-ը՝ քրեական, 2-ը՝ վարչական մասնագիտացումներով) և դատախազի 15 թեկնածու: Նրանց մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է փետրվարի 25-ին և համաձայն համապատասխան ուսուցման ծրագրերի՝ տևելու է 7 ամիս և 2 շաբաթ՝ մինչև 2019 թ. հոկտեմբերի 11-ը՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:

Ռեկտորը ջերմորեն ողջունել է և շնորհավորել ներկաներին՝ Ակադեմիայի ունկնդիրների շարքերը համալրելու կապակցությամբ:

«Կարծում եմ՝ դուք ընտրել եք ձեր սիրած մասնագիտությունը և ցանկություն ունեք զբաղվելու ձեր սիրած գործով՝ այդ կերպ նպաստելով մեր երկրի արդարադատության համակարգի զարգացմանը և կատարելագործմանը»,- դիմելով ունկնդիրներին՝ նշել է ռեկտորը և պատրաստակամություն հայտնել հնարավորության սահմաններում աջակցել:

Սերգեյ Առաքելյանի խոսքով՝ Ակադեմիայի գլխավոր նպատակը ուսուցման պատշաճ կազմակերպումն է, որի արդյունքում որակյալ կադրեր կունենանք դատաիրավական համակարգում աշխատելու համար:

Ռեկտորն ունկնդիրներին մանրամասն ներկայացրել է Ակադեմիայում ուսումնական գործընթացի առանձնահատկությունները, անդրադարձել է ուսումնառությանը վերաբերող բովանդակային և տեխնիկական հարցերի: Ունկնդիրներին նաև ներկայացվել է Ակադեմիայի պաշտոնական կայքում առանձնացված հատուկ բաժինը, որում առկա է ուսումնական գործընթացին առնչվող ամբողջական տեղեկատվություն:

Ունկնդիրները նաև տեղեկացել են, որ պարբերաբար հանդիպումներ են անցկացվելու, որի ընթացքում ռեկտորի հետ ուսումնառության ընթացքում առաջացած հարցերն ու խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու հնարավորություն են ստանալու: