Փետրվարի 19-ին նշվում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը: Մեծն բանաստեղծի հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում:

Ավետիք Իսահակյանի բնութագրմամբ «Թումանյանը եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը լեհերի համար»։

Հովահաննես Թումանյանի 150-ամյակի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ կիրականացվեն հոբելյանական ամբողջ տարվա ընթացքում: Կվերահրատարակվի մեծ գրողի երկերի 10-հատորյակը, որի 2 հատորն արդեն լույս է տեսել: Դա, սակայն, պարզունակ վերատպում չի լինի, այլ կներառի ուշ հայտնաբերված ձեռագրեր ու ծանոթագրեր, որոնք նախկինում հարկադրաբար տպագրվել են հատորյակներից դուրս:

Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը։

Ինչպես բնութագրել է անվանի ռուս գրող և հրապարակախոս Վալերի Բրյուսովը, «Թումանյանի պոեզիան իր ամբողջության մեջ հենց ինքը Հայաստանն է` հնադարյան ու նոր, մեծ վարպետի կողմից հարություն առած ու տպավորված ոտանավորի մեջ»:

Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում՝ Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվել է Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր: Շուտով նա հայտնի է դարձել հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բացառիկ և պոետիկ ստեղծագործությունների։

Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր: Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։

1899թ-ին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908թ.:

20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906թթ-ին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918թ-ին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին:

Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916թ-ին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914թ-ին Թումանյանը միանում է Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտեին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել:

1917-1918թթ. բանաստեղծը գլխավորում է մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Այդ տարիներին հայկական գրեթե բոլոր գավառներում գործում էին «Հայրենակցական միություններ», որոնց խնդիրն էր օգնել պատերազմից տուժածներին և գաղթականներին, 1921թ. Սովետական Հայաստանի նախագահ Ալ.Մյասնիկյանի հրավերով բանաստեղծը եկել էր Երևան` Հայաստանի օգնության կոմիտե հիմնադրելու համար:

Թումանյանին առաջարկում են կոմիտեի նախագահի պաշտոնը: Նա խնդրում է իրեն ազատ թողնել գրականությամբ զբաղվելու համար, սակայն շրջելով Երևանի փողոցներով տեսնելով ծանր ու դաժան պատկերներ` բանաստեղծն այսպես է ասում. «Երբ մի ժողովուրդ սովամահ է լինում փողոցներում, պետք է թողնել ամեն ինչ, մոռանալ ամեն բան և գնալ նրան փրկելու»: Այսպես Թումանյանը դարձավ ՀՕԿ-ի նախագահ:

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։