«Կուստենդորֆ» տասնմեկերորդ միջազգային կինոփառատոնը լույս հունվարի 17-ի գիշերը բացվել է Բոսնիայի և Հերցեգովինայի սահմանի մերձակա Մոկրա Գորա շրջանի Դրվենգրադ սերբական Էթնոգյուղում:

Երիտասարդ ռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերի կինոստուգատեսը, որի անփոփոխ կազմակերպիչը ռեժիսոր Էմիր Կուստուրիցան է, սկսվել է իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյին «Հանուն ապագա ֆիլմերի» պարգևի հանձնմամբ: «Սորենտինոն ներկայում լավագույն ռեժիսորն է աշխարհում»,-հայտարարել է Էմիր Կուստուրիցան՝ հանձնելով պարգևը: Սորենտինոն շնորհակալություն է հայտնել Կուստուրիցային, ասելով, որ դա իր առաջին մրցանակն է, թեև ինքն արդեն 47 տարեկան է:

Բացման արարողությանը նաև ներկա է եղել Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» անցյալ տարվա մրցանակակիր Ռուբեն Էստլունդը, որն այդ պարգևին արժանացել է «Քառակուսի» կինոնկարի համար: Այս տարի փառատոնի մրցութային ծրագրին կմասնակցեն երկու տասնյակ կարճամետրաժ ֆիլմեր: Մրցույթի մասնակիցների թվում կլինեն Չինաստանից, Լեհաստանից, Եգիպտոսից, Իսրայելից, Դոմինիկյան Հանրապետությունից և այլ պետություններից ժամանած կինեմատոգրաֆիստներ: Մրցույթի ժյուրին կգլխավորի եվրոպացի պրոդյուսեր Ռոզա Ատաբը: Փառատոնը կշարունակվի մինչև հունվարի 21-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: