Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով հունվարի 9-ից 12-ը Երևանում էր Մոլդովայի Հանրապետության արդարադատության ազգային ինստիտուտի պատվիրակությունը՝ տնօրեն Դիանա Սկոբիոալեի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին տնօրենի խորհրդական Վալենտինա Կոնցեսկուն, իրավական տեղեկատվության կենտրոնի ղեկավար Բորիս Տալպեն, ուսուցման և հետազոտությունների բաժնի ղեկավար Ալեքսանդրա Նիկան, դասընթացավար Պետրու Բալանը: Այցի նպատակը համագործակցության հնարավոր ուղղությունների քննարկումն էր ու դրանց իրականացմանն ուղղված անելիքների ուրվագծումը: Այդ առիթով Սերգեյ Առաքելյանը և Դիանա Սկոբիոալեն ստորագրեցին հուշագիր՝ իրավական հիմքերի վրա դնելով երկկողմ համագործակցությունը: Սերգեյ Առաքելյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտն ավելի քան 10 տարվա պատմություն ունի, ընդ որում՝ հետխորհրդային տարածաշրջանում առաջիններից է, որ իրավական ոլորտում մասնագիտական հետբուհական կրթություն է ապահովում: Ինստիտուտն իրականացնում է դատավորների և դատախազների թեկնածուների մասնագիտական պատրաստում, գործող դատավորների, դատախազների և ոլորտին առնչվող այլ իրավաբանների վերապատրաստում: «Կարծում եմ՝ այն դրական փորձը, որ մեր գործընկերներն այս տարիների ընթացքում ձեռք են բերել, մեզ հետ փոխանակելով լուրջ ներդրում կկատարեն նաև մեր կառույցի հետագա զարգացման համար»,-նշեց ռեկտորը՝ առանձնահատուկ շեշտադրելով այն հանգամանքը, որ մոլդովացի գործընկերներն ուսումնական գործընթացը կազմակերպում են բացառապես պրակտիկ գիտելիքներ, հմտություններ, կարողություններ փոխանցելու միջոցով. այդ առումով ըստ էության ռեկտորը նշեց համագործակցության ուղղություններից առնվազն մեկը:

Դիանա Սկոբիոալեն շնորհակալություն հայտնեց ռեկտորին ջերմ ընդունելության համար: «Դուք ունենք հեռաուսուցման կարևոր մեթոդաբանություն, որը մենք ուրախությամբ կընդունենք: Արդարադատության ակադեմիայի ռեկտորի հետ կներդնենք բոլոր ուժերը, որպեսզի հուշագիրը ոչ թե մնա թղթի վրա, այլ պրակտիկ դաշտ տեղափոխվի»,-ասաց Դ. Սկոբիոալեն և որպես առաջին քայլ՝ Արդարադատության ակադեմիայի պատվիրակությանը հրավիրեց Քիշնև՝ մասնակցելու տարբեր երկրների արդարադատության ակադեմիաների ներկայացուցիչների մասնակցությամբ ապրիլին կայանալիք միջազգային կոնֆերանսին:

Այցի շրջանակում մոլդովացի հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղություններին, ուսումնական գործընթացի առանձնահատկություններին, նաև՝ շենքային պայմաններին: Քննարկումներ ծավալվեցին համագործակցության հստակ ուղղությունների վերաբերյալ, ձեռքբերվեցին համատեղ իրականացման ծրագրեր մշակելու պայմանավորվածություններ:

Հիշեցնենք, որ դեռևս 2016 թվականի հոկտեմբերին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Եվրոպայի խորհրդի հրավերով Մոլդովայի մայրաքաղաքում մասնակցում էր տարածաշրջանային համաժողովի, որի շրջանակում հանդիպում էր ունեցել նաև Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտի տնօրեն Դիանա Սկոբիոալեի հետ: Դեռ այն ժամանակ կողմերը քննարկել էին երկու կառույցների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, փորձի փոխանակման արդյունավետ ուղիներ գտնելու հնարավոր տարբերակներ:

Մոլդովայի Հանրապետության արդարադատության ազգային ինստիտուտի պատվիրակության անդամները Հայաստանում էին առաջին անգամ, ուստի նրանց համար հնարավորություն էր ստեղծվել նաև ծանոթանալ Հայաստանի պատմությանը, մշակութային հարուստ ժառանգությանը: Հյուրերն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի շուրջը, եղան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարանում, Մատենադարանի թանգարանային համալիրում: