Եվրախորհրդարանում մարտի 6-ին կանցկացվի «Հայատյացություն. Պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողով: Այն անցկացվում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ: Համաժողովը հյուրընկալում է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Տեոխարիուսը: ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանն նշել է, որ հիմնական զեկուցողներն են թուրք մտավորական, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքօլուն, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, լեհ հայագետ Յակուբ Օշիեցկին:

«Համաժողովի ընթացքում քննարկվելու են հայատյացության տարբեր դրսևորումները, դրանց հետ փոխկապակցված հարցերը: Այսինքն՝ զեկույցներով, քննարկումներով հայատյացության վերաբերյալ համապարփակ պատկերացում է տրվելու: Ինչպես գիտենք հայատյացության դրսևորումներ կան Ադրբեջանում ու Թուրքիայում: Փաստորեն, այդ քաղաքականությունը պատմական անցյալում չի մնացել, ներկայում էլ մենք պարբերաբար առերեսվում ենք այդ խնդրին: Ահա այս համաժողովը շատ լավ առիթ է, որ եվրոպական կարևոր այս կառույցում բարձրաձայնվեն հայատյացության վերաբերյալ հարցերը և քննարկվեն դրանց դեմ պայքարի ուղիները»,- ասել է Հարութ Շիրինյանը:

Միջոցառմանը մասնակցելու են Եվրախորհրդարանի պատգամավորներ, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Հարութ Շիրինյանը համոզված է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ հայատյացության քաղաքականության մասին պետք է տեղեկացված լինի միջազգային հանրության ավելի լայն շրջանակ:

«Ադրբեջանում տարիներ շարունակ դպրոցներից ու մանկապարտեզներից սկսած հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում, վերջերս Լոս Անջելեսում հայկական որոշ դպրոցների վրա թուրքական դրոշներ, Պոլսո հայկական եկեղեցու պատերին ատելության խոսք պարունակող հակահայ գրություններ հայտնվեցին և այլն: Այս ցանկն անվերջ կարելի է շարունակել: Մեր նպատակն է բարձրացնել այս հարցը միջազգային հաստատություններում, որպեսզի նախ և առաջ տեղյակ լինեն, թե ինչի մասին է խոսքը, հասկանան, թե այս ամենը շարունակվելու դեպքում ինչ հետևանքների կարող է հանգեցնել, և ի վերջո, որ իրենց դատողությունները ճիշտ ինֆորմացիայի վրա հիմնված լինեն»,- ասել է Հարութ Շիրինյանը, գրում է Արմենպրես-ը։

Համաժողովին հիմնական զեկուցողներ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և Ռուբեն Մելիքյանը ներկայացնելու են ամբողջությամբ փաստերի վրա հիմնված տեղեկություններ: Ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու 2018թ-ի սեպտեմբերին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակված հայատյացության զեկույցի բովանդակությանը: Դրանից բացի, ներկայացվելու են ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված հայատյացության դրսևորումները:

Փաստերը հավաքագրված են և մեկտեղված են զեկույցներում: Համաժողովի մասնակիցներին կներկայացվի, թե ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանը: Այն, որ Ադրբեջանի ամենաբարձր պաշտոնյաների ելույթներում կարմիր գծով անցնում է հայատյացության քաղաքականությունը: Այս թեզն է առաջ տարվում՝ բոլոր հայերը թշնամիներ են, հայ սպանելը հերոսություն է»,- ասել է Արտակ Բեգլարյանը:

«Բացի փաստերից, ներկայացնելու ենք հայատյացության քաղաքականության հիմքերը, դրա հետևանքներն ու պոտենցիալ վտանգները»,- հավելել է Արտակ Բեգլարյանը: