Կառավարությունը հավանություն տվեց «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ սա տարիների աշխատանքի արդյունք է։

«Այս օրենքի ընդունումից հետո մեր բարձրագույն կրթության համակարգում պետք է տեղի ունենան արմատական փոփոխություններ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Մկրտչյանը։

Նախարարի խոսքով՝ այսպիսով կատարվում է ԵՄ-ի հետ կրթության նախարարության պայմանավորվածությունը, այն է՝ բարձրագույն կրթության համակարգի եվրոպական տարածքում ամբողջությամբ ինտեգրման 5 պայմաններից մեկը։

«Ուսանողն, ըստ էության, ստանում է շարժունակություն, ինքը պետք է կարողանա ծրագրավորել իր ուսման գործընթացը», – ասաց նախարարը՝ ընդգծելով, որ օրենքը բաց պլատֆորմ է ստեղծում և շատ ճկուն է։

Մկրտչյանի խոսքով՝ 3 տարի ժամանակ ունենք մեր համալսարանների կառուցվածքները ճշտելու և ուսումնական գործընթացն ամբողջությամբ նոր հիմունքներով կազմակերպելու համար։