Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Առաջարկվում է երկարաձգել սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքով սահմանված ժամկետը:

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասել է, որ նախագիծը միտված է հնարավորություն տալ այն քաղաքացիներին, որոնց 27 տարին լրացել է, և նրանք այլևս զինապարտ չեն, վերադառնալ հայրենիք, ազատվելով քրեական հետապնդումից՝ վճարել օրենքով սահմանված գումարը:

Ըստ նրա՝ ամեն բաց թողնված զորակոչի համար պետք է վճարեն նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով:

«Նախկին կարգավորմամբ այս ժամանակահատվածը սահմանված էր մինչ 2017թ-ի դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած քաղաքացիների համար: Նախագծով առաջարկվում է այդ ժամկետը երկարաձգել մինչ 2019թ-ի մարտի 1-ը»,- ասել է Գորգիսյանը:

Այս պահի դրությամբ ծառայությունից խուսափելու համար հետախուզվում է մինչև 35 տարեկան տարբեր տարիքի 11 հազար մարդ։

«Դա չափազանց մեծ թիվ է։ Այս երիտասարդները, չեմ զլանա ասել, պետության համար չափազանց մեծ ռեսուրս են: Ըստ էության՝ գործող օրենսդրությունը միայն երկու տարբերակ է տալիս՝ կամ ծառայել մինչև 27 տարին լրանալը, կամ առավելագույնը մինչև 3,6 մլն դրամ վճարելու դեպքում ազատվել քրեական հետապնդումից: Իսկ 27-ը լրացածների համար ևս երկու տարբերակ է՝ կամ զորակոչվել, կամ դատվել: Սրանք միայն այն երիտասարդները չեն, որ խուսափել են զինծառայությունից, այլև մարդիկ են, որոնք 2-3 տարեկանում իրենց ընտանիքի կայացրած որոշման հետևանքով կամ արդյունքում հայտնվել են օտարության մեջ և այսօր գտնվում են քրեական հետապնդման մեջ»,- նշել է նա՝ հավելելով, որ պետությունը պետք է հստակեցնի իր դիրքորոշումն այս հարցում, թե քաղաքական ինչպիսի տեսակետ ունի:

Նախագիծն ընդունվել է 101 կողմ ձայնով։