Քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը, այդ ենթամշակույթին հարելն ու տարածելը կքրեականացվի, համապատասխան օրենսդրական նախագիծը շրջանառության մեջ է դրվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

Նշվում է, որ երևույթի տարածման և կանխման մեխանիզմների մշակման ընթացքում ուսումնասիրվել է հետխորհրդային երկրների փորձը:

«Ներկայումս համանման նախագծեր են մշակվել նաև Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում, իսկ, օրինակ, Վրաստանի քրեական օրենսգիրքը 2006 թ-ից պատասխանատվություն է նախատեսում գողերի ընկերակցությանն անդամակցելու, ինչպես նաև «օրենքով գողի» կարգավիճակում լինելու համար», - նշված է նախագծում:

Քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը կպատժվի ազատազրկմամբ՝ 6-10 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Եթե արարքը քրեական միջավայրում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից է կատարվել, ապա այն կպատժվի ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը կպատժվի ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Քրեական ենթամշակույթին հարելն ու այն տարածելը կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ քրեական ենթամշակույթը լուրջ մարտահրավեր է հասարակության համար, քանի որ սպառնում է խաթարել կամ աղավաղել հասարակության մեջ ձևավորված արժեքներն ու պատկերացումները: Այդ իսկ պատճառով քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի յուրաքանչյուր պետության քրեական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը:

«Ընդ որում, քրեական ենթամշակույթի, դրա տարածման և ազդեցության դեմ պետք է դրսևորել համակողմանի մոտեցում, այսինքն՝ պետք է քայլեր ձեռնարկել ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական մակարդակներում: Այս մոտեցման կարևորագույն մասերից է կազմում գործող օրենսդրական կարգավորումների և նախատեսվող փոփոխությունների պայմաններում գործնական սկզբունքների այնպիսի համակարգի ապահովումը, որն ուղղված է քրեական ենթամշակույթի լայն տարածում ունեցող ազդեցության նվազեցմանը՝ ընդհուպ մինչև դրա լիովին բացառմանը, քանզի ի վերջո դրանց լուծման ուղիների որոնումը հասարակության հետագա առողջ զարգացման գրավականն է: Հարկ է նկատել, որ, օրինակ, հանցագործներին բնորոշ ժարգոնային խոսքը ներթափանցել է հասարակական գրեթե բոլոր ոլորտներ և իր բացասական ազդեցությունն է թողնում հասարակության վրա` ձևափոխելով նրանց պատկերացումները մարդկային հարաբերությունների և մշակութային արժեքների վերաբերյալ»,- նշված է հիմնավորման մեջ:

Ներկայումս ՀՀ քրեական օրենսգրքով քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը կամ քրեական միջավայրում ներգրավվելը, կամ քրեական ենթամշակույթին հարելն ու այն տարածելը որպես հանցակազմ պարունակող արարքներ նախատեսված չեն, որի հետևանքով հնարավոր չի լինում լիարժեքորեն ու վճռականորեն պայքարել և կանխել այդ արատավոր երևույթները, այսինքն՝ քրեական ենթամշակույթի չեզոքացման և հետագա հաղթահարման ռազմավարությունը մեր հանրապետությունում դեռևս մշակված չէ: