ՀՀ նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցը պարտադիր էր, լավ է, որ եղել է։ Եթե վերցնենք կոնկրետ Հայաստան-Եվրամիություն օրակարգը, կա ոգևորություն, բայց պետք է հասկանանք, որ մեծ տնային աշխատանք ունենք անելու։

Ասում ենք, որ ամեն ինչ լավ է: Եկեք հիշենք, որ 2013թ-ի սեպտեմբերի 5-ին Հայաստանն ասաց՝ պատրաստ եմ քաղաքական բաղադրիչը ստորագրել հենց այսօր, բայց ԵՄ-ն ասաց՝ ոչ, «կամ, կամ»: Սակայն մեկուկես տարի անց ընտրություններ տեղի ունեցան ԵՄ-ում, և ԵՄ-ն ասեց՝ լավ, ոնց որ թե «և, և»-ն էլ է աշխատում, և մենք ունեցանք CEPA-ն (ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր):

Հայաստանի իշխանությունները պետք է ուշադիր հետևեն, թե ինչ են լինելու ընտրություններում․ Կարող է այնպիսի արդյունք գրանցվի, որ որևէ բան չփոխվի, կամ հակառակը՝ շատ գործեր ավելի արագ տեմպերով գնան: Բայց կարող է և ունենանք փոփոխություններ, որոնց պետք է պատրաստ լինենք և հասկանանք՝ հետո ինչպես ենք աշխատելու, որ այս պայմանավորվածություններն առնվազն իրագործվեն մեզ ցանկալի տեմպերի մեջ: Այստեղ մենք ունենք մեծ տնային աշխատանք»,- ասել է Թևան Պողոսյանը:

Խոսելով վիզաների ազատականացման մասին՝ նա նշել է, որ քաղաքական հայտարարությունների համար գեղեցիկ ժամանակահատված է, բայց պետք է իրականությունը դիտարկել ու չոգևորվել։ Թ. Պողոսյանն ասել է, որ վիզաների ազատականացման պրոցեդուրան մի քանի փուլով է։ Առաջին փուլը քաղաքական որոշումն է, երբ Եվրամիության բոլոր երկրները կամ Եվրոպական խորհուրդը ընդունում է քաղաքական որոշում և հանձնարարում է Եվրոպական հանձնաժողովին սկսել տեխնիկական բանակցությունները։

«Հայաստանը մի քանի բան արդեն իրականացրել է, եղել է իսկապես ձգձգվածություն եվրոպական կողմից։ Դանդաղ է գնացել, հասկանալի է՝ ինչու. մարդիկ նայել են Հայաստանում փոխոխություն է եղել, սպասումներ են ունեցել, կան օբյեկտիվ, սուբյեկտիվ գնահատականներ։ Պետք է հանգիստ նայենք այդ գործընթացին և հակառակը՝ պետք է ինչ -որ չափով նպաստենք»,- ասել է Թ. Պողոսյանը։

Տեխնիկական բանակցություններից փուլին հաջորդում են արդեն բանակցություններն իսկական որոշման հիման վրա, որը, նրա խոսքով, առնվազն 4 տարվա տեխնիկական փաթեթ է։ Դրանից հետո կրկին գալու է քաղաքական որոշման փուլը։

«Այսօրվա դրությամբ հասկանալի է, որ CEPA-ի ամբողջական վավերացումն այլևս չի լինելու մինչև մայիս, այս երկու ամսում իրատեսական չէ, բայց դրա հետ միասին պետք է հասկանանք, որ մեծ բաժին աշխատանք կա անելու ներսում»,- նշել է Պողոսյանը։