Էթնո-ջազային Authentic Light Orchestra խումբը բացառիկ համերգով հանդես կգա Հայաստանում: Authentic Light Orchestra-ի կազմում ելույթ կունենան Վալերի Տոլստովը (ֆլեյտա/ստեղնաշարային և ժողովրդական գործիքներ), Եվգենի Լեբեդևը (դաշնամուր), Անտոն Ռևնյուկը (բաս), Իգնատ Կրավցովը (հարվածային գործիքներ):

Իրադարձությանը, բացի նվագախմբից, կմասնակցեն թառահար Միքայել Ոսկանյանը և սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, ինչպես նաև Open String quartet-ը: Համերգի հատուկ հյուրն է դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը: Երեկոյի ընթացքում հնչելու է էթնո-ջազային ինքնատիպ երաժշտություն:

Նշենք, որ Authentic Light Orchestra-ն իր բնույթով յուրօրինակ խումբ է, որը հիմնադրվել է 2009թ-ին Ցյուրիխում՝ Վալերի Տոլստովի կողմից: Համերգի ժամանակ երաժիշտներն օգտագործում են 15-30 և նույնիսկ ավելի շատ գործիքներ: Authentic Light Orchestra-ն սիրում է հանդես գալ իմպրովիզներով. օրինակ` համերգի ժամանակ դուդուկը հանկարծ կարող է փոխարինվել սաքսոֆոնով, իսկ ակուստիկ գործիքները` էլեկտրոնայիններով, և այդպես շարունակ:

Խմբին ոգևորում է հատկապես հայկական ժողովրդական երաժշտությունը: Խումբը տարբեր տարիներին ունեցել է հայ անդամներ: Կոլեկտիվի Beyond the House անվանումը կրող ձայնասկավառակի առաջխաղացմամբ զբաղվել է ազգությամբ հայ մենեջեր Աստրիդ Գրիգորյանը:

Համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում: