Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբայից Քենիայի մայրաքաղաք Նայրոբի մեկնող ուղևորատար «Բոինգ 737»-ը, որը պատկանում էր Ethiopian Airlines ավիաընկերությանը, վայր է ընկել: Օդանավում գտնվող 147 ուղևորներն ու անձնակազմի 8 անդամները զոհվել են: Ինքնաթիռում եղել է 33 երկրի ներկայացուցիչ:

Ethiopian Airlines-ի ֆեյսբուքյան էջում նշված է, որ Ադիս-Աբեբայից մեկնած ինքնաթիռը վայր է ընկել Եթովպիայի կենտրոնական հատվածում գտնվող Բիշոֆտու (Դեբրե-Զեյտ) քաղաքի մոտակայքում:

«Բոինգ 737-800 MAX»-ը Ադիս-Աբեբայի Բոլե միջազգային օդանավակայանից մեկնել էր տեղական ժամանակով 08:38-ին, իսկ 08:44-ին օդանավի հետ կապը ընդհատվել էր: Այս պահին ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ:

BBC-ն ընդգծում է, որ Ethiopian Airlines-ը անվտանգության տեսանկյունից բարձր հեղինակություն ունի, չվերթներ է իրականացնում Աֆրիկայի տարբեր ուղղություններով: Այնուամենայնիվ, 2010թ-ին ավիաընկերության օդանավերից մեկը վայր էր ընկել Միջերկրական ծովում՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից մեկնելուց կես ժամ հետո: Ավիաաղետի զոհ էր դարձել 90 մարդ:

Նախորդ տարվա հոկտեմբերին էլ ինդոնեզական Lion Air ավիաընկերության «Բոինգ 737-800 MAX»-ը Ջակարտայի օդանավակայանից մեկնելուց հետո վայր էր ընկել Ճավայի ծովում: Պատահարի հետևանքով զոհվել էր 189 մարդ: