Հոբելյաններն ընդհամենը առիթ են մեկ անգամ ևս հիշելու նվիրական անունները: Այսօր Վահրամ Փափազյանի ծննդյան 130-ամյակն է։

Վահրամ Փափազյանը Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի բարեկամն էր և այն տարիների տնօրեն Սարգիս Մելիքսեթյանի հետ ընկերություն էին անում, հիշում է ավագ գիտաշխատող, կինոյի բաժնի վարիչ Լարիսա Գյուլիջանյանը։

1967 թիվն էր։ Տիկին Լարիսան քսան տարեկան էր, նոր էր աշխատանքի ընդունվել և հանդիպումները հայ բեմի հանճարի հետ այսօր էլ առանց հուզմունքի հիշել չի կարողանում։

Տիկին Լարիսային բախտ է վիճակվել տեսնել Փափազյանին նաև բեմում։

«Օթելլո էր խաղում։ Սարգիս Մելիքսեթյանն էլ էր ներկա,- հիշում է տիկին Լարիսան։ Փափազյանը մոտեցավ նրան, ու ականջին ինչ-որ բան ասաց։ Երբ հետաքրքրվեցինք, թե նա ինչ էր ասում, Մելիքսեթյանը ժպտալով պատասխանեց, հետաքրքրվում էր ով կա դահլիճում, «խալտուրա անի, թե՞ խաղա»։

Թանգարանի փափազյանական հարուստ արխիվը ստեղծվել ու համալրվել է տարիների ընթացքում։ Նամակներ, բեմական հագուստ, անձնական իրեր, որից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի։ Վերջին նվիրատվությունը եկել է Վանաձորից։

Թանգարանի թատրոնի բաժնի վարիչ Նաիրա Շահվալադյանի խոսքով թանգարանը հոբելյանական տարվա ցուցադրություն է պատրաստում և պահոցներից դուրս կբերվեն այն իրերն ու ձեռագրերը, որ խնամքով պահում, փայփայում են։ Կկազմակերպվեն նաև դասախոսություններ բարձր տարիքի երեխաների համար։