Ամերիաբանկն, ամփոփելով 2018թ. ընթացքում իր ԿՍՊ (Կորպորատիվ սոցիակալան պատասխանատվություն) ռազմավարության ներքո իրականացրած աշխատանքները, ներկայացնում է արդյունքները: Հաշվետու տարում Բանկի կողմից բարեգործական, սոցիալական և աջակցության նպատակներով հատկացվել է 94,2 մլն դրամ, որի գերակշիռ մասն ուղղվել է առողջապահության և կրթության ոլորտների աջակցմանը, համապատասխանաբար՝ 64 մլն դրամ և 9 մլն դրամ:

Ընթացիկ տարում Բանկն ակտիվորեն շարունակում է հանդես գալ տարբեր ոլորտների աջակցմանն ուղղված ծրագրերով և տարեսկզբից արդեն նվիրաբերել է մոտ 55 մլն դրամ, որն ուղղվել է ուղղակիորեն երեխաների առողջության վերականգնմանը և համապատասխան բժշկական կենտրոններին անհրաժեշտ սարքավորումներով ապահովմանը:

Ամերիաբանկը 2007թ-ից ի վեր իրականացրել է բազմաթիվ բարեգործական, սոցիալական ծրագրեր տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ կրթության, մշակույթի, առողջապահության, ենթակառուցվածքային զարգացման՝ կատարելով 1,1 մլրդ դրամի ներդրում: Բանկն առավելապես ներգրավվածություն է ունեցել կրթության ոլրտում՝ հատկացնելով շուրջ 412 մլն դրամ, և առողջապահության ոլորտում՝ 320 մլն դրամ: Կրթության ոլորտում տրամադրվել են կրթաթոշակներ ԲՈՒՀ-երին, դպրոցներին, միջոցներ են հատկացվել առանձին խմբերին, ինչպես նաև դպրոցների ենթակառուցվածքների բարելավմանը:

Բանկը մշտապես մասնակցել է տարբեր սոցիալական ծրագրերի՝ ուղղված անապահով ընտանիքների աջակցությանը: Հինգ տարի անընդմեջ Բանկի կողմից կազմակերպվել են տարբեր թեմաներով աճուրդներ՝ Բանկի հաճախորդների և գործընկերների մասնակցությամբ, որոնց ընթացքում հավաքագրված գումարը կրկնապատկվել է Բանկի կողմից և լրացուցիչ մոտ 130 մլն դրամ ուղղվել հրատապ օգնություն պահանջող հիվանդություններ ունեցող 135 երեխայի բուժմանը: Ընդհանուր առմամբ Բանկն աջակցել է ավելի քան 300 երեխայի՝ ամբողջովին կամ մասնակի իր վրա վերցնելով երեխաների բուժման և հետբուժական խնամքի ծախսերը։

Բանկում գործում է նաև բարեգործական հաշիվ (1570036910764400), որտեղ հանգանակություն կարող է կատարել յուրաքանչյուր անձ. հաշվի միջոցներն ամբողջությամբ ուղղվում են հայ մանուկներին:

Ամերիաբանկի աշխատակիցները ևս ակտիվորեն ներգրավված են տարբեր սոցիալական ծրագրերում, որոնք իրականացվում են հիմնականում մարզերում:

Ընթացիկ տարում Ամերիաբանկն ավելի ակտիվորեն խթանելու/աջակցելու է փոքր և միջին բիզնեսին, որի ներքո կազմակերպվելու են տարբեր դասընթացներ, փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքային հանդիպումներ՝ հիմնական միջոցառումներն իրականացնելով մարզերում:

Ամերիաբանկը բարեգործական ծրագրերի մեծաքանակ հայտերի մեջ նախապատվությունը տալիս է այն կազմակերպություններին, որոնք համապատասխանում են Բանկի որդեգրած ԿՍՊ քաղաքականությանը և ներկայացնում են մշակված, հստակ ծրագրեր: