Այսօր՝ մարտի 11-ին, Արցախի կառավարության նիստին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը ներկայացրել է 2015թ-ի փետրվարի 12-ի N 49-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱՀ կառավարության որոշման նախագիծը: Այս մասին գրում է artsakhpress.am-ը։

Ժ. Միրզոյանն ասել է, որ փոփոխությունը վերաբերում է գյուղատնտեսական հումք վերամշակող հարկ վճարողների կողմից վերամշակված արտադրանքի իրացումից պետական բյուջե վճարված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման կարգին։

«Որոշման նախագծով առաջարկվում է փոխհատուցման կարգի դրույթները տարածել նաև այլ վերամշակված հացահատիկների (որոնց մեջ մտնում է թեփահանված, տափակեցված, ծեծած մանրաձավարի տեսքով և այլն) վրա՝ դրանք ընդգրկելով այն գյուղատնտեսական հումքի ցանկում, որի վերամշակումից ստացվող արտադրանքի իրացման համար վճարվող ավելացված արժեքի հարկը ենթակա է փոխհատուցման, քանի որ 2016թ-ից հետո նշված արտադրությունը դուրս է մնացել արտոնյալ հարկային կարգավորումից՝ չմտնելով ո´չ ազատման, ո´չ փոխհատուցման բնագավառ: Գործող կարգում բացակայում է գյուղատնտեսական հումքի հստակ սահմանումը, ինչի պատճառով այն սուբյեկտի մեկնաբանման և թյուրըմբռնման տեղիք է տալիս:

Այդ պատճառով օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել ամրագրել «գյուղատնտեսական հումք» հասկացությունը և հստակեցնել փոխհատուցման ենթակա գյուղատնտեսական հումքի ցանկը: Այստեղ տարանջատվել է բուսական և կենդանական ծագման գյուղատնտեսական հումքերը: Բուսական հումքի շարքին են դասվում յուղատու հացահատիկային, կորեկանման, հատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերը, դեղաբույսերը, բանջարեղենը, կարտոֆիլը, պտուղը և հատապտուղը, իսկ կենդանական ծագմանը՝ կաթը, ձուկը, գյուղատնտեսկան կենդանիները և թռչունները, խեցգետնակերպերը և ջրային անողնաշարավոր կենդանիներ»,- ավելացրել է Ժ. Միրզոյանը:

Նախարարն ասել է, որ ըստ գործող կարգի՝ փոխհատուցման ենթակա է արդեն իսկ պետական բյուջե վճարված ավելացված արժեքի հարկի գումարները և այն դիմումները, որոնք նախարարություն են մուտքագրվել մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ը:

«Առաջարկվում է հանել ժամկետային սահմանափակումը և կարգի շրջանակներում փոխհատուցել ավելացված արժեքի հարկի բոլոր գումարները, եթե դրանք վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից չի անցել 3 տարի»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ վերոնշյալ հարցը քննարկվել է բոլոր սուբյեկտների, Արցախի կառավարության շահագրգիռ անդամների հետ. այդ հարցով Արցախի պետական նախարարի մոտ կայացել է նաև խորհրդակցություն: