Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում, որը կանցկացվի ապրիլի 8-12, ելույթներով հանդես կգան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Ինչպես տեղեկացնում է ԵԽԽՎ կայքը, կլինի նաև քննարկում՝ ՄԱԿ-ի հետ համագործակցության ամրապնդման վերաբերյալ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հնարավոր մասնակցությամբ։ Վեհաժողովը նաև համատեղ քննարկում է ունենալու՝ ատելության խոսքի ու սպորտում ատելությանը վերջ դնելու մասին, ինչպես նաև քաղաքական ղեկավարների դերի շուրջ՝ ատելության խոսքի դեմ պայքարում։

Կքննարկվեն նաև առանց սեքսիզմի ու սեռական ոտնձգությունների խորհրդարաններ ունենալու հարցը, ինչպես նաև այսպես կոչված «լոնդրոմատների» թեման, կազմակերպված հանցագործությունների ու փողերի լվացման դեմ պայքարում նոր մարտահրավերներին։

Կքննարկվի նաև ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների մասին ԵՄ նոր մեխանիզմի ստեղծման հարցը։

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը կներկայացնի իր ամենամյա գործունեության հաշվետվությունը և կպատասխանի հարցերի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ևս կպատասխանի պատգամավորների հարցերին։