ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մարտի 23-ին կանցկացվի համապետական մաքրության օր:

Սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են նախատեսվում միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին ու հարակից տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածներում, պատմամշակութային հուշարձանների հարակից, հատուկ պահպանվող տարածքներում, կանաչ գոտիներում, պուրակներում, զբոսայգիներում, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում։

Շաբաթօրյակի աշխատանքներին իրենց ակտիվ մասնակցությունը կցուցաբերեն գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցները, մարզպետարանները, համայնքնապետարանները, հանրային և կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, մասնագիտացված հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիները։ Աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվեն ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր։

Համապետական շաբաթօրյակի արդյունավետության և աշխատանքների համակարգվածության ապահովման նպատակով ՀՀ բոլոր մարզերն, իրենց առանձնահատկությունից ելնելով, մշակել են շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան` շաբաթօրյակի քարտեզներն ըստ համայնքների, մաքրման և բարեկարգման աշխատանքների սխեմաները, աղբակույտերի փակման կամ կոնսերվացման կազմակերպչական գործողությունները, որոնց հնարավոր կլինի ծանոթանալ մարզպետարանների պաշտոնական կայքերում: