Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ վկայակոչելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից էթիկայի նորմի խախտման փաստը:

Հանձնաժողովը 2019թ. փետրվարի 26-ի որոշմամբ ԵՊՀ ռեկտորի դիմումի հիման վրա հարուցել է վարույթ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով:

Նշենք, որ նշված հոդվածի համաձայն՝ հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները նորմերի համակարգ է, որոնք միտված են ապահովելու հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային և մասնավոր շահերի բախումը, ամրապնդելու հասարակության վստահությունը հանրային ինստիտուտների նկատմամբ։ Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններից է՝ իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը: Հենց այդ խախտումն է վկայակոչել ռեկտորը:

Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանի և Դավիթ Սանասարյանի միջև լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ ՊՎԾ պետը հայտարարեց, որ մայր բուհում հայտնաբերվել են մոտ 800 մլն դրամի չարաշահումներ: Դրան առարկեց Արամ Սիմոնյանը և մինչ օրս այդ «բախումը» շարունակվում է: