Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված գործողությունների ուրվագծմանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես են եկել ելույթներով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան․

Արցախի մեծարգո նախագահ,
Հարգելի գործընկերներ,

Թույլ տվեք ողջունել Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որն աննախադեպ իրադարձություն է մեր հանրապետությունների գոյության ողջ ընթացքում: Այս իրադարձությունն ունի շատ խորհրդանշական և մյուս կողմից՝ շատ կոնկրետ իմաստ: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի հարաբերությունները թևակոխում են որակապես մի նոր փուլ:

Հարգելի գործընկերներ,

2018թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո սա իմ առաջին այցն է Արցախ և ուզում եմ ընդգծել, որ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել՝ Արցախի սուբյեկտության մակարդակը բարձրացնելու և արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար: Սրանք կետեր են, որոնք առանցքային նշանակություն են ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ես՝ որպես ժողովրդի վստահության քվեն ստացած վարչապետ, ըստ այդմ հետևողական քայլեր ենք ձեռնարկելու այս ուղղությամբ, և այս հարցը եղել և շարունակելու է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը: Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը:

Այս դիրքորոշումն արտահայտում է մեր հարգանքը ոչ միայն Արցախի ժողովրդի և նրա իրավունքների, այլև բանակցային գործընթացի մասնակից մեր բոլոր գործընկերների նկատմամբ։

Հաջորդ կարևորագույն հարցը, որին անհրաժեշտ է պատասխանել, հետևյալն է՝ իսկ Հայաստանի կառավարություն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք:

Հաջորդ կարևորագույն խնդիրը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է: Հարկ եմ համարում ընդգծել, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը չի կարող լինել բանակցություններում ներգրավված կառավարություններից որևէ մեկի առանձին խնդիրը, և դա համատեղ աշխատանք է: Նկատի ունեմ, օրինակ, ադրբեջանական հանրությանը խաղաղության նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ պետք է տեղի ունենա: Հենց այս գիտակցումն էր, որ ինձ ստիպեց 2018թ. աշնանը Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալ մեր իրականության համար, ըստ էության, աննախադեպ մի հայտարարությամբ՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Սա իմ ներդրումն էր ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում:

Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, այժմ կարող ենք անցնել մեր օրակարգային հարցերին»:

Արցախի նախագահ Բակո Սահակյան․

«Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,
Անվտանգության խորհրդի համատեղ նիստի հարգելի մասնակիցներ,

Մենք առաջին անգամ ենք այսօր անդրադառնալու մեր երկու հանրապետությունների, ասել է թե՝ մեր հայրենիքի համար կարևորագույն և առաջնահերթ խնդիրների քննարկմանը: Այս ընթացքում մենք միջանկյալ բազմաթիվ և բազմազան հանդիպումներ ենք ունեցել տարբեր մակարդակներով: Մեր ոլորտների, մեր գերատեսչությունների, մեր նախարարությունների պատասխանատուները մի շարք հանդիպումներ են ունեցել, և այդ հանդիպումների ընթացքում ծնվել է այդ գաղափարը՝ հրավիրելու Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:

Մենք նաև այս ընթացքում կարևորել ենք, որ անհրաժեշտություն ունենք համազգային օրակարգ ունենալու, և ես ավելի քան համոզված եմ, որ այսօրվա մեր համատեղ նիստը նպաստելու է այդ ազգային օրակարգի ձևավորմանը: Կարծում եմ՝ բոլորդ համամիտ կլինեք, որ եղել է, կա և վաղն էլ կմնա մեր հայրենիքի համար իբրև առաջնահերթ խնդիր Արցախի անկախության միջազգային ճանաչումը, և այսօրվա համատեղ նիստի ընթացքում մենք հնարավորություն կունենանք նաև անդրադառնալու, թե ներկայիս շրջանում տեղի ունեցող այդ ուղղությամբ քննարկումներն ինչպես են ընթանում:

Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել այս ընթացքում, և ես խնդրել եմ պարոն վարչապետին, որպեսզի մենք տեղեկանանք այդ հանդիպումների և քննարկումների մասին: Ես կտամ լրացուցիչ տեղեկություններ, որ օր առաջ հանդիպել եմ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Բնական է՝ խոսել ենք շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև բանակցային գործընթացի մասին: Եվ այսօրվա այս յուրահատուկ խորհրդի նիստը հնարավորություն կտա՝ անդրադառնալ մեր տնտեսության խնդիրներին, մեր հանրային կյանքում տեղ գտած զարգացումներին և կնախանշենք հաջորդ մեր առաջադրանքները, որոնք, անկասկած, կբարձրացնեն մեր երկրի անվտանգության աստիճանը և կնպաստեն ընդհանրապես մեր հայրենիքի հզորացմանն ու շենացմանը:

Ողջունում եմ այս նախաձեռնությունը և համոզմունք եմ հայտնում, որ այսօրվա մեր համատեղ նիստը նպաստավոր պայմաններ է ստեղծելու այդ նշված ուղղություններով հաջողված աշխատանքներ կատարելուն:

Շնորհակալություն»:

Քննարկումների արդյունքում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների անդամների կողմից գնահատվել է Արցախի անվտանգության համակարգը և վերահաստատվել է, որ պաշտպանության ապահովման կարողությունները երաշխավորված են և գտնվում են բարձր մակարդակի վրա: Միևնույն ժամանակ հայկական երկու կողմերը վերստին ընդգծել են իրենց աջակցությունը և հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Համատեղ նիստի շրջանակում ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը հայկական կողմերի համար եղել և մնում են բացարձակ գերակայություններ: Կարևորվել է խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակում: