Կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներին: Քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ ներառական կրթության քաղաքականության լրամշակման նպատակով, ՀՀ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը Հայաստան է հրավիրում 2 փորձագետի, ովքեր պետք է աշխատեն նախարարության աշխատակիցների հետ՝ հայեցակարգի լրամշակման և ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ։

Փորձագետներն աշխատանքը սկսելու են սույն թվականի մարտի վերջին։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչները նշել են, որ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության շրջանակում Սյունիքի մարզում 11 դպրոցների և 1 աջակցության կենտրոնի վերանորոգման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են և նախատեսվում է նմանատիպ աշխատանքներ իրականացնել նաև Լոռու մարզում։

Քննարկվել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պաշտպանության ոլորտում համագործակցության գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում դպրոցներում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը։