Թուրքիայի Մարդինի շրջանի Էվջիլեր գյուղի ոստիկանապետը սպառնացել է գյուղացիներին, որ եթե նրանք իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (AKP-ԱԶԿ) օգտին չքվեարկեն, ապա կվառի գյուղը, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով Demokrathaber-ին:

Մարտի 31-ին Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված ոստիկանապետը գյուղացիներին ասել է.

«Եթե AKP-ն նվազագույնը 200-300 քվե չստանա, կայրեմ այս գյուղը»:

Գյուղացիները, անվտանգության նկատառումներից ելնելով, չեն նշել ոստիկանապետի անունը:

Նրանց խոսքով` ոստիկանապետը երբեմն «ահաբեկիչ» է անվանում այն գյուղացիներին, որոնք մինչ այդ քվեարկել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) օգտին: Ոստիկանապետը հայտնել է․

«Մինչև այս գյուղը չփոխեմ, ոչ մի տեղ այտեղից չեմ գնալու»:

Նշվում է, որ գյուղում մեկ այլ դեպք նույնպես գրանցվել է: Ոստիկանապետը HDP-ի թեկնածուներից մեկին սպառնացել է, որ կսպանի նրան:

Հիշեցնենք, որ Թուրքիայում 2018թ. հունիսի 24-ին կայացած նախագահական ընտրություններում Էվջիլեր գյուղում HDP-ն ստացել էր 840, իսկ AKP-ն 95 ձայն: