Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մարտի 12-ին մեկնարկել է՝ սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը։ Առաջին օրն անցկացվել են որակավորման փուլի մրցումները, ինչպես նաև հայտնի են դարձել բազմամարտի հաղթողները։ Բազմամարտի Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Արթուր Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

Տղամարդկանց պայքարում առանձին գործիքների եզրափակիչները տեղի կունենան մարտի 13-ին։ Հայաստանի առաջնությանը մասնակցում են 34 մարզիկներ ու 19 մարզուհիներ: Կանանց առաջնության որակավորման փուլը տեղի կունենա մարտի 13-ին Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում, իսկ եզրափակիչները կանցկացվեն հաջորդ օրը։

Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցչին և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել առնվազն բրոնզե մեդալ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 64 կգ քաշային Անի Հովսեփյանը, ժամանակից շուտ հաղթել է Իտալիայի ներկայացուցչին և, դուրս գալով կիսաեզրափակիչ, ապահովել առնվազն բրոնզե մեդալ:

Աստանայում շարունակվում է շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունը։ Ստուգատեսի յոթերորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցը Հունգարիայի ընտրանին էր։ Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց։ Մեր հավաքականի կազմում հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, իսկ Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտվեցին։

ԱՄՆԼաս Վեգաս քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 89 կգ քաշային ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Գարիկ Կարապետյանը և Գևորգ Ղահրամանյանը։ Մեր տղաները կանգնեցին պատվո պատվանդանի 2-րդ և 3-րդ աստիճաններին։

Գարիկը, պոկելով 137 կգ և հրելով 168 կգ, երկամարտի 305 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ, իսկ Գևորգը, պոկելով 134 կգ և հրելով 170 կգ, երկամարտի 304 կգ արդյունքով, նվաճել բրոնզե մեդալ։

Գարիկը ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունից, բրոնզե մեդալ՝ հրումից, իսկ Գևորգը՝ փոքր բրոնզ պոկումից և փոքր արծաթ՝ հրումից։