«Չարենցը լեգենդ էր: Ի՞նչ գրես լեգենդի մասին: Գուցե կանխորոշված էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն … Ո՞վ գիտե … Ա՛յ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում, որ նստել, վեր եմ կացել նրա հետ ու նկարել եմ նրան»,- Եղիշե Չարենցի մասին ասել է նկարիչ Մարտիրոս Սարյանը:

Գրող բանաստեղծ Եղիշե Չարենցը ծնվել է ուղիղ 122 տարի առաջ հենց այս օրը Կարսում։

Մեծ բանաստեղծի 122-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկելու են Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ, այնուհետև արդեն շարունակվելու են տուն-թանգարանում։ Այսօր ժամը 13:00-ից տուն-թանգարանը նախաձեռնել է միջոցառումներ, որոնք ներկայացնելու են մեծ բանաստեղծի կյանքն ու գործունեությունը: Չարենցի տան այցելուներն այսօր կհանդիպեն բանաստեղծին` իր 2 կանանց հետ, օրվա ընթացքում Սայաթ-Նովան, հյուրընկալվելով Չարենցին, ականատես կդառնա «Տաղարանի» ստեղծմանը:

Եղիշե Սողոմոնյանն իր սկզբնական կրթությունը ստացել է է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորել է Կարսի ռեալական դպրոցում:

1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Մի օր քաղաքի տպարաններից մեկի մոտ Չարենցը հանդիպում է գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանին և ասում, որ «բերել եմ ոտանավորներս տպել տամ»: Տղայի համարձակ քայլը հետաքրքրում է գրավաճառին, և նա վերցնում է ձեռագիրը, կարդում և զարմանում: Նրա միջնորդությամբ էլ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):

Գրական անվան ստեղծման մասին․

Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։

1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1915թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների: 1915թ. ամռանը Քանաքեռում կազմավորվում էին հայկական 6-րդ և 7-րդ կամավորական գումարտակները: Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում:

1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր: Այս տարիներին է, որ Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի, գրագիտության և անսպառ եռանդի շնորհիվ հայ զրատպությունը մեծ զարգացում է ապրում: Նա կարողանում է իր շուրջը համախմբել ժամանակի տաղանդավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և ուրիշների և նրանց հետ միասին հրատարակել նոր, թարմ մտքերով և լուծումներով հարուստ բազմաթիվ գրքեր: Լավ իմանալով կերպարվեստի պատմությունը` նա հաճախ նկարիչներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես ձևավորել այս կամ այն գիրքը:

Ստանալով Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի համաձայնությունը` Չարենցը մեծ դժվարությամբ համոզում է լեզվաբան Մանուկ Աբեղյանին գլխավորել հայկական ժողովրդական էպոսի հրատարակության գործը: Չնայած բազմաթիվ դժվարություններին` 1935թ.-ին լույս է տեսնում «Սասնա ծռերի» Ա հատորը` Եղիշե Չարենցի պատասխանատու խմբագրությամբ:

Պետհրատում աշխատելու տարիներին Չարենցի նախաձեռնությամբ լույս են տեսնում հայ անվանի երաժշտահաններ Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Վ. Տիգրանյանի, Ա. Սաթյանի և ուրիշների ստեղծագործությունները: Քանի որ այդ ժամանակ Հայաստանում նոտաներ տպագրելու հնարավորություն չկար, Կոմիտասի երկու ժողովածուները հրատարակվում են Մոսկվայում: Չարենցի նախաձեռնությամբ Պետհրատի տպարանում ստեղծվում են նոտաների տպագրության տեխնիկական հնարավորություններ:

Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ Խաչիկ Դաշտենցին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։ 1936թ. Սեպտեմբերին Չարենցին տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մադրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն: Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային: 1937թ. նոյեմբերի 27-ին Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երևանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: