Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես են գալու համատեղ համերգով։ Նվագախմբի կայքից տեղեկանում ենք, որ մարտի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգին հնչելու է Էլգարի Թավջութակի կոնցերտը, Բեթհովենի Սիմֆոնիա թիվ 2-ը։ Համերգը գլխավորելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Նշենք, որ Նարեկ Հախնազարյանն այսօր ԱՄՆ-ի Փասադենա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է։ Շրջագայություններով հանդես է եկել աշխարհի տարբեր պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլուր։ Ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի, Չիկագոյի, Տոկիոյի և Լոնդոնի սիմֆոնիկ, «Նոր Ռուսաստան», ռուսական ազգային, Ռոտերդամի ֆիլհարմոնիկ, Վերդիի անվան և այլ աշխարհահռչակ նվագախմբերի հետ, Վ.Սպիվակովի, Ջ.Մեսթերի, Հ.Վոլֆի, Վ.Գյորգիևի, Մ.Յուրովսկու և այլ հանրաճանաչ դիրիժորների ղեկավարությամբ: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի, պատվոգրերի, մրցանակների, այդ թվում՝ 2008թ. Նյու Յորքի «Young Concert Artists» մրցույթում արժանացել է 9 Հատուկ մրցանակի, 2006թ. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում` 1-ին մրցանակ և ոսկե մեդալ, 2007թ. Չայկովսկու անվան մրցույթում` դափնեկրի կոչմանը: 2007թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է «ֆենոմենալ թավջութակահար»: 2011թ. դարձել է Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» պետական մեդալի: