«Իմ քայլը» դաշինքի անդամ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր ԱԺ-ում էլ այս մասին խոսեցի, վերջին շրջանում էլ եմ շատ ասել սրա մասին, հիմա էլ շեշտեմ։ Ճիշտ քաղաքականություն մշակելու համար ամենաանհրաժեշտ բաներից մեկը ԿԱԳ-ն է՝ կարգավորման ազդեցության գնահատականը։

Այսինքն օրենք կամ որոշում ընդունելուց առաջ պետք է խորքային վերլուծություն անել՝ հասկանալու համար դրա հետևանքները տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ տեսանկյուններից՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։

Եթե ԿԱԳ չի արվում կամ անորակ է արվում, դրա հետևանքով ունենում ենք չկանխատեսված խնդիրներ, ու կրկին անհրաժեշտություն է առաջանում ետ գնալ ու նոր լուծումներ փնտրել։

Վերջին տարիներին "ազդեցություն" ասելով հիմնականում ուշադրություն են դարձրել բյուջեի վրա ազդեցությանը (հարկերը/ծախսերը կավելանա՞ն, թե՞ կպակասեն)՝ առանց պատշաճ ուշադրություն դարձնելու մյուս էֆեկտներին։ Նման գործելաոճը բերում է նրան, որ կարճաժամկետ խնդիրներ լուծելով՝ ապագայում բախվում ենք լրջագույն բացասական հետևանքների։

Ու ևս մեկ անգամ ասեմ՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, հատկապես կարևոր նախաձեռնությունների դեպքում, պահանջելու ենք ներկայացնել կարգավորման ազդեցության ՆՈՐՄԱԼ գնահատական։ Որոշումները պետք է հիմնված լինեն ոչ թե սիմպատիաների, բնազդի կամ ցանկությունների, այլ մասնագիտական վերլուծությունների վրա»։