ՀՀ կառավարությունը մարտի 14-ի նիստում հավանություն կտա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի՝ գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ դատական տուգանք չկիրառելու վերաբերյալ օրենսդրական նախագծին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ խնդրահարույց է փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու օրենսդրական փոփոխությունը որևէ կերպ չհիմնավորելու և չմեկնաբանելու ՀՀ նախորդ կառավարության մոտեցումը:

«Փաստաբաններին տուգանելու վերաբերյալ իրավակարգավորումը չունի հիմնավորում, և առկա չէ այդ իրավակարգավորման ընդունման անհրաժեշտությունը: Օրինակ՝ 2016թ-ին ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում քննված 125,500 քաղաքացիական գործով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 4 փաստաբանի նկատմամբ», - նշված է հիմնավորման մեջ:

Ըստ նախագծի հեղինակի՝ դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի անկախությունը:

«Փոփոխությունը վտանգում է փաստաբանի ինստիտուտի անկախությանը: Փաստաբանները պետք է դատարաններում գործեն անկախ և անկաշկանդ՝ իրենց մասնագիտական գործունեության չափանիշներին համապատասխան, իսկ նման պայմաններով դատական տուգանք նախատեսելու դեպքում կվտանգվի փաստաբանների անկախությունը և իրենց վստահորդներին եռանդուն կերպով պաշտպանելու փաստաբանների ազատությունը»,- ասվում է նախագծում: