Թուրքիայում ավարտվել են Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանումները:

«Թաքցված խաչ» վերնագրով ֆիլմը պատմում է 1915թ-ին ու դրանից հետո Էղիլում ապրած հայերի ճակատագրի մասին՝ ավելի շատ կենտրոնանալով մահմեդականացված հայերի ինքնության ճգնաժամի, ցեղասպանությունից հետո նրանց կրած հոգեկան տրավմաների ու իրենց սերունդներին պատմած պատմությունների վրա, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:

Ֆիլմը, որի նկարահանումներն ավարտվել են օրերս, հանդիսատեսի դատին կհանձնվիի ապրիլին:

«Թաքցված խաչի» ռեժիսորներն են լրագրողներ Ալթան Սանջարն ու Սերհաթ Թեմելը: Ֆիլմի նկարահանումների շրջանակում հեղինակները հանդիպել ու խոսել են մուսուլմանացված հայերի 1-ին սերունդը համարվող 75-ից բարձր տարիքի մարդկանց, ինչպես նաև նրանց հարազատների հետ: Հեղինակները պատմություններ են լսել նաև մուսուլմանացված հայերի 2-րդ սերնդից, որոնց տարիքային խումբը 40-ից բարձր է:

«Թաքցված խաչ»-ի նկարահանումներն ավարտվել են, սակայն դեռևս պետք է կատարվեն մոնտաժային ու ձայնային աշխատանքները, ինչպես նաև ֆիլմի համար պետք է երաժշտություն գրվի: Այս բոլոր աշխատանքները ավարտին հասցնելու համար համացանցում աջակցության արշավ է նախաձեռնվել: Նշվում է, որ ֆիլմի երաժշտությունը ձայնագրվելու է Հայաստանում: Ֆիլմի հեղինակներն իրենց կատարած աշխատանքի նպատակը ներկայացնելու համար հետևյալ ծանոթագրությունն են հրապարակել:

«Նախկինում հայերին հատուկ թիթեղագործության ու թամբագործության արհեստները շրջանի կենտրոնում այսօր ներկայացնում են մուսուլմանացված հայերի սերունդները: Ենթադրվում է, որ շրջանում 1915թ-ից հետո մուսուլմանացված առնվազն 20 տուն կա: Համարվում է, որ մնացած հայերը, որոնք ձևավորում էին շրջանի բնակչությունը, 1915թ-ին սպանվել են կամ բռնագաղթեցվել: Հայտնի է, որ մուսուլմանացված հայերի ազգականները, հատկապես մորեղբայրներն ու մորաքույրները հեռացել են ԱՄՆ, Հայաստան կամ Սիրիա: Եթե այսօր նույնիսկ նրանք ողջ էլ չեն, նրանց երեխաներն են ողջ ու տեղեկություններ ունեն շրջանի մասին:

Հայտնի է, որ Թուրքիայում այս իրավիճակում գտնվող բազմաթիվ բնակավայրեր կան և հազարավոր մուսուլմանացված հայերի ընտանիքներ կան: Այս ինքնության հետ ապրել ձգտող մարդիկ ո՛չ կարողանում են հաշտվել ամբողջապես ձուլվելու արդյունքում իրենց ներսում ապրող նոր ինքնության հետ, ո՛չ էլ կարողանում են վերադառնալ իրենց նախկին հայկական ինքնությանը: Էղիլում ապրող մուսուլմանացված հայերի մոտ աչքի ընկնող առանձնահատկությունն էլ այն է, որ ոչ քիչ ջանք են թափում իրենց նախկին ինքնությունն իրենց երեխաներին փոխանցելու հարցում:

Շրջանի բազմաթիվ ընտանիքներ գիտեն իրենց նախկին ինքնության մասին և այդ ուղղությամբ ուսումնասիրություններ են կատարում: Բայց պաշտոնական մակարդակով անցյալի բնակչության և մշակույթի վերաբերյալ որևէ աշխատանք չի կատարվում: Զուտ սուննի մուսուլմանական ինքնությունը առաջ մղելով՝ անտեսվում է շրջանի նախկին ինքնությունը՝ հօգուտ պաշտոնական պատմագրության»: