Երիտասարդ ընտանիքի կամ երիտասարդ միայնակ ծնողի յուրաքանչյուր նոր երեխայի ծննդյան կամ վերջիններիս կողմից յուրաքանչյուր նոր երեխայի որդեգրման դեպքում վարկի հետագա ժամանակահատվածի համար՝ պետության կողմից տրամադրվող սուբսիդավորման տոկոսը ավելանում է 0․5%-ով:

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում սպասվում է ծախսային մասով որոշակի ավելացում, որի չափը, ըստ նախնական գնահատականների, կարող է կազմել 14.3-18․9 մլն դրամ։

ՀՀ կենտրոնական բանկի նախագծի ընդունումը պայմանավորված է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրով վարկառուի ընտանիքում նոր երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքում վերջինիս վարկային բեռի մեղման հանգամանքով՝ նպաստելով նաև ՀՀ-ում ծնելիության մակարդակի բարելավմանը և ժողովրդագրական խնդրիրների լուծմանը:

Նշվում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության շատ երիտասարդ ընտանիքներ (այդ թվում՝ նաև այս ծրագրից օգտվողներ), հատկապես ֆինանսական խնդիրներից ելնելով, չեն մտածում ընտանիքում նոր երեխայի ծննդյան մասին, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում ՀՀ-ում ծնելիության մակարդակի և ժողովրդագրական խնդիրների վրա:

2019թ-ին ՀՀ կառավարությունը շարունակելու է բացի «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ միջոցով վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի գծով տոկոսագումարների սուբսիդավորումից մեղմել վարկառուների վարկային բեռը՝ վերջիններիս ընտանիքում նոր երեխաների ծննդյան կամ որդեգրման դեպքում՝ այդ կերպ նպաստելով նաև ՀՀ-ում ժողովրդագրական խնդիրների լուծմանը և ծնելիության մակարդակի աճին: