Գերմանիայի իշխող, մինչև վերջերս կանցլեր Անգելա Մերկելի կողմից ղեկավարվող, Քրիստոնյա-դեմոկրատական միության պատգամավորը տուգանվել է 20,000 եվրոյով, քանի որ ժամանակին չի իրազեկել Բունդեսթագին Ադրբեջանից լրացուցիչ վաստակ ունենալու մասին: Մարտի 14-ին տուգանքի մասին որոշում է կայացրել Բունդեսթագը:

Պատգամավոր Կարին Շտրենցի վերաբերյալ կասկածներ հայտնվեցին դեռևս 2017-ին՝ ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալի առնչությամբ: Մասնավորապես, նրա անունը հիշատակվում էր անկախ փորձագետների 2018թ-ի ապրիլին հրապարակված զեկույցում՝ Եվրոպայում Բաքվի շահերն առաջ տանելու համար կաշառքների մասին, գրում է Deutsche Welle-ն:

Փաստաթղթում նշված էր, որ կոռուպցիոն սկանդալի առանցքային դերակատարը Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները վարձել էր նրան աշխատանքի իրեն պատկանող Line M-Trade խորհրդատվական ընկերությունում, որը ֆինանսավորվում էր Բաքվի կողմից և Ադրբեջանի շահերի լոբբինգով էր զբաղված:

Չնայած կոմերցիոն շահին՝ Շտրենցը 2015թ-ին մասնակցել է Ադրբեջանի ընտրություններում դիտորդական առաքելության աշխատանքին: Այդ մեղադրանքի պատճառով Շտրենցը 2018թ-ին չկարողացավ երկրորդ անգամ առաջադրվել ԵԽԽՎ:

Ինքը պնդում էր, որ չի իմացել ընկերության ադրբեջանական եկամուտների մասին և ճանաչում էր մեղքը միայն այն մասով, որ ժամանակին չի հայտնել Բունդեսթագին լրացուցիչ վաստակի մասին: