Վերլուծող Մարատ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մոնումենտում կառուցված դղյակների տեղում, մինչև դրանց հանցավոր կառուցապատումը, հասարակական նշանակության այգի էր։ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ այդ հողերը սեփականաշնորհման ենթակա չեն։ Նախկինում բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող որոշ պաշտոնյաներ հաջողացրել են կամայական որոշումներով այդ հողամասերը հանել են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկից ու ապօրինաբար սեփականաշնորհել են։ Այս անօրինական որոշումների վիճարկումն է այն իրավական հիմքը, որով հնարավոր է դատական կարգով վերականգնել պետությանը պատճառված ահռելի վնասները։

Դատարանը վերականգնելով նշված հողամասերի նախկին իրավական կարգավիճակը, ինքնաբերաբար կճանաչի այդ հողամասերի և որպես հետևանք` նաև դրանց վրա կառուցված շինությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Եթե այդ հողամասերի ներկայիս զավթիչ սեփականատերերը բողոքարկեն նման արդարացի վճիռները, ապա համոզված եղեք` նրանց պարտություն է սպասվում նաև եվրոպական դատական ատյաններում։ Առաջին անհետաձգելի քայլը` օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից համապատասխան հայցադիմումի հիման վրա դրանց նկատմամբ արգելանքի կիրառումն է»։