ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դիլիջանի թունելի լուսավորության հետ կապված իմ նախորդ գրառուման տակ մի շարք հարցեր են հնչել, որոնց կցանկանայի անրադառնալ․

Թունելի մեջտեղի մասում նախորդ տարվա բեռնատարի վթարի և խոշոր հրդեհի պատճառով մի շարք լուրջ խնդիրներ էին առաջացել կապված ջրահեռացման համակարգի, ճանապարհի ասֆալտբետոնե ծածկի, օդափոխության համակարգի և լուսավորության համակարգի հետ,

2018-19 թ․թ․ ընթացքում թունելը սպասարկող ընկերության կողմից վերանորոգվել/արդիականացվել են թունելի լուսավորության, և, մասնակի նաև ջրահեռացման համակարգերը՝ սպասարկման ծրագրի շրջանակներում՝ առանց հավելավճարի,

2019թ-ին նախատեսվում է իրականացնել թունելի ամբողջական վերանորոգման նախագիծը, իսկ շինարարությունը նախատեսվում է սկսել 2020թ-ին,

Թունելի փոսերը պարբերաբար լցվում են և եղանակների թույլ տալուն պես դրանք կվերանորոգվեն,

Թունելի օդափոխության համակարգը աշխատում է մասնակի, քանի որ մեջտեղի հատվածում այն ամբողջովին այրվել է, իսկ ամբողջական փոխարինումը կիրականացվի թունելի վերականգնման ծրագրի շրջանակներում,

Լուսավորության հետ կապված կամ որևէ այլ հարցում թերություն նկատելու դեպքում խնդրում եմ անմիջապես նկարել և ուղարկել իմ ֆեյսբուքյան էջին՝ անձնական նամակով։ Նախարարությունն իրականացնում է սպասարկման վերահսկողություն, և գրանցված խախտումների դեպքում սպասարկող ընկերությունը կկրի իր բաժին պատասխանատվությունը,

Մնացած թունելների, ճանապարհների և կամուրջների 2019թ-ի ընթացքում նախատեսված շինարարության ծրագրերի մասով հավելյալ կհայտարարվի»։