Երևանում տրոլեյբուսներն սկսել են երթևեկել 1949թ-ի մարտի 18-ից: 1962թ-ից տրոլեյբուսներ են շահագործվել նաև Գյումրիում։

1986թ-ին Երևանի տրոլեյբուսի ցանցի երկարությունը եղել է 256 կմ, երթուղիների թիվը՝ 25։ Ավտոբուսի համեմատությամբ տրոլեյբուսի մեծ տարողության շնորհիվ վերջինիս շահագործումն առավել արդյունավետ է եղել լարված ուղևորահոսքեր ունեցող գծերում։

Տրոլեյբուսի ստեղծման և կիրառման աշխատանքներն սկսվել են դեռևս 19-րդ դարի 80-ական թթ-ին Գերմանիայում։ ԽՍՀՄ-ում առաջին տրոլեյբուսները ստեղծվել են 1933թ-ին, իսկ 1934թ-ին Մոսկվայում սկսվել է դրանց գործարկումը։

Տրոլեյբուսը քաղաքային անռելս էլեկտրական տրանսպորտային միջոց է։ Այն էներգիա է ստանում 500-600վ (սակավ 750վ) լարման հաստատուն հոսանքի ցանցից կոնտակտային հաղորդալարի միջոցով։ Ժամանակակից տրոլեյբուսը զարգացնում է 65-70կմ/ժ արագություն։

Այն ունի մի շարք առավելություններ տրամվայի (ռելսուղիների բացակայություն, թեթև և անաղմուկ ընթացք, վազանց կատարելու հնարավորություն) և ավտոբուսի (էլեկտրական քարշ, մթնոլորտն աղտոտող գազերի բացակայություն) նկատմամբ, սակայն չի կարող մանևրել ինչպես ավտոբուսը։