Կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական քննարկումը, որը վարել է խմբի ղեկավար, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ-ն։

Աշխատանքային խմբում ընդգրկված են կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման, առողջապահության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Քննարկման օրակարգում ընդգրկված են եղել համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանն առնչվող հետևյալ հարցերը` ՀՀ կառավարության 2016թ-ի փետրվարի 18-ի նիստի թիվ 6 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած` համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանով և ժամանակացույցով նախատեսված Երևան քաղաքում տարածքային մանկավարժա-հոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրման առաջարկության, Երևանում համընդհանուր ներառման անցնելու գործողությունների և ճանապարհային քարտեզի, համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման նպատակով վերապատրաստումների կազմակերպման վերաբերյալ քննարկումներ, ինչպես նաև միջգերատեսչական աշխատանքային խմբի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ապահովման մասին զեկույցում:

ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը ներկայացրել է «Երևան քաղաքի հանրակրթության ոլորտում հատուկ դպրոցների վերակազմակերպման գործընթացը համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համատեքստում» ուսումնասիրության շնորհանդեսը, որը կազմվել է աշխատանքային խմբի կատարած աշխատանքների արդյունքում:

Ներկայացվել են Երևանի հատուկ հանրակրթական դպրոցների վերակազմավորման և մանակավարժա-հոգեբանական աջակցության կենտրոնների ձևավորման առաջարկությունները: Աջակցության կենտրոնները ստեղծվելու են նախկին հատուկ դպրոցների հենքի վրա, որպես սկզբունք ընդունելով 25 հազար սովորողին մեկ կենտրոն նախնական հաշվարկը: Այս կենտրոնների հիմնական գործառույթը լինելու է սովորողի կարիքի գնահատումը, ըստ անհրաժեշտության կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով երեխաների համար անհատական ուսումնական պլաններով կրթության կազմակերպումը:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող որոշակի խմբերի, մասնավորապես` լսողական, տեսողական, ծանր և խոր մտավոր խնդիրներով սովորողների համար առաջարկվում է հատուկ կրթության համակարգը պահպանել` հատուկ դպրոցներին տալով կանոնադրական նոր գործառույթներ: Միաժամանակ փոխնախարար Լ. Առաքելյանն իր զեկույցում նշել է, որ Հանրապետական բժշկա-հոգեբանամանա-մանկավարժական գնահատման կենտրոնի կողմից Երևանի հատուկ դպրոցներում իրականացվում է սովորողների սոցիալական գնահատում.

8 հատուկ դպրոցների գնահատման արդյունքներն ամփոփված են, մնացածում դեռ ընթացքի մեջ են:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Երևանի հատուկ դպրոցները մանկավարժա-հոգեբանական աջակցության կենտրոնների վերակազմակերպելու ճանապարհային քարտեզը: Նախատեսվում է ստեղծել իրազեկման խմբեր, որոնք ՀՀ ԿԳ նախարարի հանձնարարությամբ հանդիպումներ կունենան վերակազմակերպվող բոլոր դպրոցների սովորողների, ծնողների և ուսուցիչների հետ և կներակայացնեն պետության կողմից վարվող քաղաքականության նպատակը, նախատեսվող քայլերն ու դրանցից ածանցվող հարցերի լուծման պետական մոտեցումները:

Նախարարությունը նշում է, որ համաձայն ՀՀ կառավարության 2016թ-ին ընդունված համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի` 2019թ-ին նախատեսվում է համընդհանուր ներառական կրթության համակարգ ներդնել Երևանում, Շիրակի և Արագածոտնի մարզերում: