Արցախի կրթության, գիտության և սպորտի, Արցախի պաշտպանության նախարարությունների և Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում այսօր մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը:

Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության ռազմահայրենասիրական, ֆիզդաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Ստեփան Օհանջանյանն ասել է, որ խաղերին մասնակցում են շրջանային և քաղաքային փուլերում առաջին տեղեր գրաված 8 թիմեր. յուրաքանչյուր թիմ բաղկացած է 9 հոգուց՝ 6 տղա և 3 աղջիկ: Այս մասին գրում է «Արցախպրեսս»-ը։

Ս. Օհանջանյանի խոսքով՝ մրցումներն անց են կացվելու երեք օր հետևյալ մրցաձևերից՝ շարային պատրաստություն, Կալաշնիկովի ինքնաձիգով հրաձգություն, պահեստատուփի լիցքավորում, քաղպաշտպանություն և ֆիզիկական պատրաստություն: Ֆիզիկական պատրաստությունն իր մեջ ներառում է նռնակի նետում և վազք՝ 100մ, 500մ և 1000մ:

«Խաղերի նպատակն է ապագա սերնդի մեջ դաստիարակել հայրենասիրություն, ռազմական գործի մեջ հմտանալու կարողություն, ինչպես նաև որոշել ուսումնական ծրագրի յուրացման աստիճանը և ապագա զինվորի մեջդաստիարակել այնպիսի որակներ, ինչպիսիք են արագաշարժությունը, դիպուկ կրակելը, անհատական պաշտպանական միջոցների ճիշտ օգտագործում և այլն: Խաղերի վերջում մենք կազմավորելու ենք երկու թիմ՝ ՀՀ-ում կայանալիք «Կորյուն» ռազմամարզական խաղերին մասնակցելու համար»,- ավելացրել է պատասխանատուն՝ նշելով, որ անցած տարի Երևանում կայացած «Կորյուն» ռազմամարզական խաղերի ժամանակ Ստեփանակերտի N11 և Մարտունու շրջանի Հերհերի միջնակարգ դպրոցները գրավել են մրցանակային տեղեր:

Խաղին մասնակից Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի Օնիկ Գրիգորյանի անվան 11-րդ դասարանի աշակերտուհի Ծովինար Բաբայանն ասել է, որ հայրենիքի պաշտպանության գործում աղջիկները ևս մեծ դերակատարություն պետք է ունենան:

«Մենք պետք է կարողանանք տիրապետել զենքին ու դրա օգտագործման ձևերին, լինենք ֆիզիկապես պատրաստ: Մենք մեծ սպասելիքներ ունենք խաղի արդյունքներից, քանի որ լրջորեն ենք նախապատրաստվել այս փուլին»,- մասնավորապես ասել է Ծ․ Բաբայանը:

Խաղերի վերջում մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվելու են նվերներով: