ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը ձերբակալվածի կարգավիճակ ունի: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

«Անձը ձերբակալվածի կարգավիճակ ունի. Կա փաստ, անձը հատել է Ադրբեջան-Հայաստան սահմանը և իրականցվում է նախաքննություն», - ասել է Զեյնալյանը, հայտնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով այն հարցին, թե ադրբեջանցուն վերադարձնելու գործընթաց կա՝ նախարարը պատասխանել է.

«Հայաստանի իշխանությունները սահմանադրությամբ նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկում են, պրոցեսում ներգրավված է նաև Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը։ Կապահովվի անձի իրավունքների ողջ ներկապնակը ամբողջությամբ։ Եթե նրա արարքում չի լինի քրեորեն հետապնդելի արարք, և անձը իր կամքով կցանկանա վերադառնալ, բնականաբար, կվերադառնա։ Մենք չգիտենք, գուցե անձը հայցում է քաղաքական ապաստան։ Եթե անձը իր կամքով ցանկանա վերադառնալ, բնականաբար, դա կիրականացվի։ Այսինքն՝ կպահպանվեն նրա իրավունքները՝ առանց որևէ տարբերակիչ հատկանիշի ու խտրականության, անկախ նրա էթնիկ ծագման ու պատկանելության։ Հայաստանում այդ իրավունքը երաշխավորված է»։