Անտառային փողոցում գտնվող կառավարության ավտոմեքենաների համար նախատեսված կայանատեղին փակող ավտոփակոցները որոշվել է բացվել: Այսուհետ բոլոր վարորդները կարող են շրջանցել Բաղրամյանի խցանումները դեպի Լեռ Կամսար փողոց անցնելով Անտառայինի արդեն բաց միջանցքով։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Կայանատեղին կառուցվել է Անտառային փողոցի վրա և հետագայում երկու կողմից փակվել է ավտոփակոցներոով և տարիներ շարունակ հանդիսացել է միայն նախագահական ավտոմեքենաների համար հասանելի միջանցք։Այս գործողության արդյունքում Անտառային փողոցը դադարել է լինել Լեռ Կամսար և Բաղրամյան փողոցներն իրար կապող միջանցիկ փողոց, ինչը մեծ անհարմարություններ էր պատճառում ոչ միայն տեղի բնակիչներին, այլ նաև առհասարակ բոլոր վարորդներին, քանի որ այդ մեկուսացման արդյունքում էլ ավելի ծանրաբեռնվեց Բաղրամյան փողոցը։

Ստանալով բողոքներ տեղի բնակիչներից որոշեցինք գնալ ընդառաջ և բացել ավտոփակոցները»,- ասվում է գրառման մեջ։