Հայիթիի խորհրդարանը քվեարկությամբ անվստահություն է հայտնել երկրի վարչապետ Ժան-Անրի Սեանին և նախարարների կաբինետին:

Այդ մասին հայտնում է Haiti Libre կայքը: Աղբյուրի փոխանցմամբ` վարչապետի լիազորությունների դադարեցմանը կողմ է արտահայտվել 93, դեմ` 6, ձեռնպահ` 3 պատգամավոր: Նշվում է, որ խորհրդարանի ընդունած որոշումը կուղարկվի հանրապետության նախագահին: Երկրի նոր վարչապետը պետք է նշանակվի պետության ղեկավարի և խորհրդարանի միջև խորհրդակցությունների արդյունքում:

Կայքը գրել է, որ Հայիթիի վարչապետը բացասական գնահատականի է արժանացել այն պատճառով, որ պաշտոնավարման 6 ամսում նրան չի հաջողվել բարելավել բնակչության կենսապայմանները

Նշենք, որ Հայիթիում մոտ 10.6 միլիոն բնակչություն կա, այն համարվում է արևմտյան կիսագնդի ամենաաղքատ պետությունը: Փետրվարի սկզբից հանրապետությունում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում` նախագահ Ժովենել Մոիզի հրաժարականի պահանջով: Ցուցարարներն իշխանություններին մեղադրում են գնաճի, կոռուպցիայի և երկրում տնտեսական իրավիճակի վատթարացման մեջ: