«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տրվել է «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» կրթագիտական նախագծի մեկնարկը:

Ըստ Կրթության և գիտության նախարարության հաղորդագրության՝ մեկնարկին ներկա էին նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը։

«Ինժեներական և կիրառական գիտությունների այս նոր կենտրոնի հիմնումն այդ ուղղությամբ իրականացված կոնկրետ քայլ է, և մեր խնդիրն է՝ անել ամեն ինչ, որ ստեղծվող կենտրոնը ապրի և իր հետ նոր զարգացում բերի։ Նախկինում ունեցել ենք դեպքեր, երբ պետությունը համաձայնություն է տվել, նաև միջոցներ հատկացրել՝ ստեղծել լաբորատորիա կամ որևէ կենտրոն, սակայն դրանք գեղեցիկ բացումներից հետո արդյունավետ չեն գործել։ Հաշվի առնելով, որ նոր կենտրոնը ստեղծվում է «Թումո»-ում, որը կրթության նորարարության ոլորտում արդյունավետ գործունեության մեծ փորձ ունի, լիահույս եմ, որ նոր նախագիծը ծառայելու է իր հիմնական նպատակին»,- նշել է նախարարը և ընդգծել, որ «Եվրոմիությունը հանուն նորարարության» ծրագրի շրջանակում կրթական բարեփոխումներին աջակցելու նպատակով ԵՄ-ն Հայաստանին հատկացնում է դրամաշնորհ, որն ունի երկու կարևոր բաղադրիչ։

Դրանցից մեկը՝ «Թումո»-ում ինժեներական և կիրառական գիտությունների նոր կենտրոնի ստեղծումն է, մյուսը՝ հանրակրթության ոլորտում մաթեմատիկա և բնագիտական առարկաների՝ 1-12-րդ դասարանների կրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի մշակումը, դասագրքերի ստեղծումը, փորձարկումն ու մանկավարժների վերապատրաստումն է։

«Սա հանրակրթության ոլորտում տեղի ունեցող մեծ գործընթացի կարևոր փուլերից է, որն իրականացվելու է առաջիկա երկու-երեք տարիներին։ Զուգահեռաբար նախաձեռնել ենք նաև մնացած առարկների չափորոշիչների և կրթական ծրագերի մշակում, որն ավարտելուց հետո հանրակրթության ոլորտում ակնկալում ենք ունենալ նոր իրավիճակ»,- իր խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը և վստահություն հայտնել, որ համագործակցությունը ԵՄ-ի և «Թումո»-ի հետ արդյունավետ է լինելու։

Նախագծի մեկնարկի կապակցությամբ ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը ներկայացրել է տեսաուղերձ, ողջույնի խոսք են ասել նաև Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը։

«Թումո»-ի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացրել է «ԵՄ - Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագիծը, որին հետևել է համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:

Նախատեսվում է Երևանում` «Թումո» կենտրոնին կից, կառուցել մոտ 15000 քառակուսի մետր մակերես ունեցող շինություն: Կառույցն իր մեջ կներառի կրթական ծրագրավորման ենթակառուցվածք, ինչպես, օրինակ, «Թումո» լաբորատորիաներ, STEM հետազոտությունների լաբորատորիա, կոնֆերանսների սրահ և կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար: «Թումո» լաբորատորիաները կլինեն Թումո ծրագրի տրամաբանական շարունակությունը` հնարավորություն տալով բուհերում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին 18 տարին լրանալուն պես ձեռք բերել STEM-ին առնչվող կիրառական հմտություններ:

Կենտրոնը լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց, որն իր շուրջ է հավաքելու տեղական և միջազգային գործընկերների` Հայաստանում բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև բացը լրացնող կամուրջ: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետը նորաստեղծ համալիրի մի մասն է լինելու:

Նշենք, որ Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետությանը՝ կրթական բարեփոխումներին աջակցելու նպատակով հատկացնում է 23 մլն. եվրո դրամաշնորհ, որից 10,5 մլն.՝ STEM առարկաների չափորոշիչների մշակմանը, իսկ 12,5 մլն.՝ «Թումո» ստեղծարար կենտրոնին «ԵՄ - Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի իրականացման նպատակով: «Թումո»-ին կից ինժեներական և կիրառական գիտությունների նոր համալիրի ծրագրային ընդհանուր արժեքը 25 մլն եվրո է, որն իրականացվում է ԵՄ-ի և «Թումո» կենտրոնի համաֆինանսավորմամբ։