Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայի բախտ կամ հայ բռնապետներն էլ են անբախտ. Նազարբաևը հիմա անում է այն, ինչը նախապես ծրագրում էր անել Սերժ Սարգսյանը, բայց չկարողացավ։ Այսօր քչերն են հիշում այն հայտարարությունները, որոնք վկայում էին, որ Սերժ Սարգսյանը չէր պատրաստվում խաբել հանրությանը, երբ հայտարարում էր, որ երրորդ ժամկետի համար չի առաջադրվելու ո՛չ նախագահ, ո՛չ վարչապետ։ Նա էլ էր ծրագրել մնալ իշխող կուսակցության նախագահ և ինչ-որ պաշտոն վարել անվտանգության համակարգում։ Հենց այդպես՝ անուղղակի էր պատկերացնում Սերժիկը պահպանել իշխանությունը 2018թ-ից հետո։ Սահմանադրությունն էլ փոխում էր ոչ թե վարչապետ դառնալու, այլ մեկ ուրիշին նշանակելու համար։

Շրջանառվում էր Վիգեն Սարգսյանի անունը, որպես ձևական, դրածո վարչապետի։ Սերժիկին նույնիսկ սկսեցին համեմատել Բրեժնևի հետ։ Սակայն ամեն բան փոխվեց 2016թ-ին։ Ապրիլյան պատերազմից և Ծռերի ստեղծած իրարանցումից հետո, Սերժն ստիպված գործարքի գնաց «Տաշիր գրուպ»-ի և այլ ռուսահայ օլիգարխների հետ և վարչապետ դարձավ Կարեն Կարապետյանը, որը հավակնում էր իրապես ժառանգել իշխանությունը։ 2018թ-ից հետո նա հաստատ ձևական վարչապետ չէր լինի։ Ուստի Սերժ Սարգսյանը, հակառակ հրապարակային խոստմանը, ստիպված հրաժարվեց նախնական ծրագրից և որոշեց ժամանակավորապես անձամբ գլխավորել կառավարությունը, մինչև կլուծեր հիմնական ժառանգի հարցը։

Ոչ թե չարամիտ սուտը, այլ հաշվարկի սխալը և կեսից մարտավարության փոփոխությունն առիթ դարձան ճակատագրական «մերժիր Սերժին» շարժման համար։ Եթե չլիներ 2016թ-ը, Սերժ Սարգսյանը, ԱԺ-ում մեծամասնություն ստանալուց հետո, Նազարբաևի նման կհեռանար, իրեն վերապահելով անվտանգության խորհրդի ղեկավարի և ՀՀԿ-ի նախագահի պաշտոնները, դրանց օգնությամբ որոշիչ ազդեցություն պահպանելով միայն ամենակարևոր, ինչպես նաև կադրային հարցերի նկատմամբ։ Հետաքրքրականն այն է, որ ժամանակին նման բախտի արժանացավ նաև Քոչարյանը։

2007թ-ին նա պատմում էր, թե ինքն ու Պուտինն ինչպես էին Սոչիում քննարկում, թե ով, ինչ է պատրաստվում անել երկրորդ ժամկետի ավարտից հետո։ Թե ում գաղափարն էր պահպանել իշխանությունը որպես վարչապետ, չասեց։ Սակայն երկուսն էլ ձեռնամուխ եղան «փոխատեղում» գործողությանը։ Դեռ 2005թ-ին Քոչարյանն արդեն որոշ փոփոխություններ էր կատարել սահմանադրությունում, որով հավելյալ լծակներ էր տվել ԱԺ-ին կառավարություն ձևավորելու հարցում և սահմանափակել էր նախագահի ԱԺ ցրելու իրավունքը մի քանի բացառիկ դեպքերով։ Միաժամանակ ստեղծվել էր ԲՀԿ-ն, մեկ այլ քոչարյանամետ կուսակցություն ստեղծում էր Արտաշես Թումանյանը, պատերազմի մասնակիցներին «Դաշինք» կուսակցությունում պետք է հավաքեր Սամվել Բաբայանը։

Այս երեք կուսակցությունները, միանալով ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին և ՕԵԿ-ին, շատ խայտաբղետ Աժ-ում պետք է ձևավորեին դաշինք վերկուսակցական Ռոբիկի քավորությամբ, ինչը նախագահ Սերժիկին կստիպեր վարչապետ նշանակել հենց Քոչարյանին։ Քոչարյանի վարչապետ դառնալու մասին խոսակցություններն ընդունելի չէին իշխանության իր հերթին սպասող Սերժիկի համար։ Նա որոշեց խայտաբղետ ԱԺ-ին հակադրել մեկ իշխանական կուսակցություն, անձամբ գլխավորել այն ու համախմբել դրա շուրջ օլիգարխներին, ինչն էլ արեց 2006թ-ին՝ դառնալով ՀՀԿ խորհրդի նախագահ։ Քոչարյանն իշխանությունը կորցրեց 2007թ-ին, երբ իր նոր նախագծերից մեկն ընդհանրապես չկայացավ, «Դաշինք»-ը խորհրդարան չմտավ, ԲՀԿ-ն ստացավ իր հայտարարած անդամների կեսից քիչ քվե, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն էլ միացան սերժական կոալիցիային։ Քոչարյանի համար անխուսափելի դարձավ երիտասարդ թոշակառուի ճակատագիրը։

Միայն 2008թ-ի փետրվարի վերջին, Քոչարյանը մի քանի օրով վերադարձրեց իշխանությունը, որպեսզի Մարտի 1 իրականացնի՝ ԼՏՊ-ական ռևանշից փրկելով ոչ այնքան Սերժիկին, որքան մի տասը տարի առյուծ որսալու իր իրավունքը։ Իսկ թե ինչ հաջողությամբ նույն ծրագիրն իրականացրեց Պուտինը՝ բոլորս տեսանք։ Հիմա մտածում եմ՝ մեր ռոբիկ-սերժիկնե՞րն են ապաշնորհ բռնապետեր, գուցե՞ առարկայական պատճառներ կան, թե՞ հայերս ենք ռուսներից ու ղազախներից մի կարգ բարձր քաղաքական ազգ, ու մեզ հետ նման խաղերը չեն անցնում»։