«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով մեղադրանքի ապացուցման բեռը մեղադրյալի վրա դնելու հայեցակարգին, ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած՝ առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմը ներդնելու մասին նախագիծը դեռ պարզ չէ, սակայն գաղափարն առաջին հայացքից կասկածահարույց է, քանի որ իրավագիտության հիմնարար սկզբունքներից մեկը անմեղության կանխավարկածի սկզբունքն է, համաձայն որի՝ անձը անմեղ է համարվում, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով նախատեսված կարգով և հաստատված չէ ուժի մեջ մտած դատավճռով: Այս մասին գրում է Tert.am-ը։

«Եթե չկա դատավճիռ, ապա մենք ի՞նչ հիմքով ենք նրան ճանաչում հանցավոր և դրանից բխող հետևանքներ կիրառում, չէ՞ որ այդ ունեցվածքի բռնագրավումը ոչ թե ինքին ինքնաբուխ վիճակ է, այլ հանցավոր ճանաչված լինելուց բխող հետևանք է, իսկ եթե չկա մեղավոր ճանաչած դատավճիռ, ապա շատ վիճելի է, թե ինչ հիմքով անձը պետք է զրկվի ունեցվածքից: Այսինքն՝ այստեղ մենք կարող ենք շփվել անձի ունեցվածքից նրան կամայականորեն զրկելու իրավական արգելքի հետ, որն ամրագրված է և՛ ՀՀ սահմանադրությամբ, և՛ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, որի դրույթները կիրառվում են նաև ՀՀ-ում»,- ասել է Պետրոսյանը:

Դիտարկմանը, թե վարչապետը հղում է անում միջազգային պարտավորություններին, սակայն այնտեղ էլ նշվում է, որ խոսքը վերաբերում է փողերի լվացմանը, թրաֆիքինգին, միջազգային հանցագործությունների բացահայտմանը, Գևորգ Պետրոսյանն ասել է.

«Իսկ ի՞նչն է խանգարում, որ եթե կոնկրետ անձանց վերաբերյալ, ում նկատմամբ հիմնավոր կասկած կա, և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի լրացել, մեղադրանք առաջադրեն, մեղադրանքը ներկայացնեն, քննեն գործը, մեղադրական դատավճիռ լինի, նոր քայլեր ձեռնարկեն։

Մտավախություն չունե՞ն, որ կարող է այդ մարդն այս ամենը վիճարկել ՄԻԵԴ-ում, հայտնաբերեն մարդու իրավունքների խախտում դրանից բխող հսկայական ֆինանսական բեռով, որը ստիպված կլինի ճաշակել ՀՀ-ն: Փաշինյանը գրագետ մարդ է, բայց իրավաբան չէ, և կարող եմ ենթադրել, որ մի քանի իրավաբաններ այդպիսի համոզմունք են ներարկել: Մենք կողմ ենք, որ մինչև վերջ վերադարձնեն թալանվածը, բայց չի կարելի դա իրագործել կասկածելի իրավական գործիքներով, որոնք հետագայում կուղղվեն քո երկրի դեմ»: