Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկները փրկել են գլխուղեղի ծանր վնասվածքով հիվանդանոց տեղափոխված սիրիահայ Գևորգյանների 2-ամյա զավակի կյանքը: Երեխային շտապօգնությունն էր տեղափոխել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Երեխայի ապրելու հնարավորությունը գնահատվել էր ընդամենը 1 տոկոս: Սիրիահայ Քևոների՝ Գևորգյանների ընտանիքը 6 տարի առաջ է գաղթել Հայաստան: Հենց այստեղ էլ ծնվեց նրանց երկրորդ ու երկար սպասված երեխան: 2-ամյա Նարեկը երեք ամիս առաջ տանը սայլակից վայր է ընկել և կորցրել գիտակցությունը:

«Երեխան անհաջող էր ընկել և ծայրահեղ ծանր վիճակում էր: Գանգուղեղում կամրջային երակները կտրվել էին և ծավալային արյունազեղում՝ հեմատոմա էր առաջացել», - նշել է բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Մարգար Մարտիրոսյանը:

Հիվանդանոց տեղափոխվելու օրը ավելի քան 3 ժամ տևողությամբ բարդ վիրահատությունը հաջող է անցել, թեև երեխայի ապրելու հնարավորությունը գնահատվում էր ընդամենը 1 տոկոս:

«Բավական լայն մուտք կատարվեց՝ տրեպանացիա արվեց, հեռացվեց արյունակույտը: Մենք հասկանում էինք, որ արվածը բավարար չէ, և հնարավոր է ուղեղի այտուց առաջանա: Դրա համար հեռացված ոսկրային մասը սառեցվեց և պահվեց», - նշել է Մարգար Մարտիրոսյանը:

«Բժիշկները շատ չեն ասում, որ հավատում են հրաշքների, բայց այս դեպքում իսկապես բժշկական հրաշք էր»,- նշել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Բժիշկները հաղթեցին, բայց կյանքի համար պայքարը շարունակվեց նաև հաջորդող երեք շաբաթներին:

«Երկար ժամանակ՝ մոտ 20 օր, երեխան վերակենդանացման բաժանմունքում էր՝ արհեստական շնչառությամբ: Չէր տեսնում, չէր զգում և չէր արձագանքում: Մասնագետների աջակցությամբ հետզհետե այդ ամենը հաղթահարեցինք», - նշել է Նարեկի հայրը՝ Ներսես Քևոն:

«Բժիշկների շնորհիվ երեխաս 2-րդ ծնունդ ունեցավ: Մենք ընդհանրապես հույս չունեինք, որ ինքը կվերականգնվի: Ասում էին՝ կարող է փրկվել, բայց ոչ լիարժեք և հաշմանդամ կլինի, բայց ոչ, արդյունքը տեսնում ենք»,- նշել է երեխայի մայրը՝ Աստղիկ Մուրադյանը: Ապաքինման դրական փոփոխությունները տեսանելի էին ամեն օր: Սակայն բժիշկների համար Նարեկի պատմությունն ավարտված չէր: Մարտի 7-ին կատարվեց երկրորդ վիրահատությունը և գանգոսկրի հեռացված հատվածը վերատեղադրվեց: Այսօր Նարեկն արդեն ժպտում է, հասկանում ամեն ինչ ու փորձում խոսել:

«Նարեկն իմ այն առաջին հիվանդներից է, որ հրաշքով փրկվել է: Կարող եմ վստահորեն ասել, որ այս արդյունքի մեջ շատ մեծ դեր է խաղացել հավատը: Հիմա արդեն պայքարում ենք կյանքի որակի համար»,- ասել է նյարդավիրաբույժ Նառա Լալազարյանը:

Բժիշկները վստահ են, որ վերականգնողական կենտրոններում բուժումը շարունակելուց հետո Նարեկը կարող է լիարժեքորեն կյանք վերադառնալ:

«Բժշկական կենտրոնն ամեն տարի սպասարկում է ավելի քան 10 հազար երեխայի: Քառակի, հնգակի ավելի է ամբուլատոր ծառայություններից օգտվողների թիվը», - նշել է Նիկոլայ Դալլաքյանը: