Կառավարության այսօրվա որոշմամբ՝ կդադարեցվի գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը: Վերջինիս լիազորությունները կկատարի գյուղատնտեսության նախարարությունը:

Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագածում, պետական հիմնարկը լուծարվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով:

Նշենք, որ այն ստեղծվել էր կառավարության 2011թ-ի որոշմամբ և գործունեության հիմնական նպատակը գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն էր: Հիմնարկը պետբյուջեի, օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանին տրամադրվող միջոցների հաշվին գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրեր էր մշակում:

Սակայն կառավարությունը որդեգրել է նոր քաղաքականություն` պետության ներքին և արտաքին քաղաքանության բնագավառում լիազորությունները հնարավորինս պետական կառավարման համակարգի մարմինների միջոցով իրականացնելու ուղղությամբ: Այդ նպատակով «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի գործառույթները կիրականացնի գյուղատնտեսության նախարարությունը: