Էդուարդ Շարմազանով․ «Առաջարկում եմ՝ Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ, Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանն էլ՝ Նիկոլստան»
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն շարունակում է «ջուրծեծոցիների, էժանագին փիառների և տեսարաններ իրականացնելու քաղաքականությունը»՝ անդրադառնալով ապրիլի վերջին շաբաթ օրը քաղաքացու օր հռչակելու կառավարության որոշմանը:
«Ոչ ավել ոչ պակաս,Նիկոլի հեղափոխական կոմիտեն, որը դեռ կոչվում է Հայաստանի կառավարություն, որոշում է ընդունել ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակել քաղաքացու օր: Ինչի՞ եք այդքան «համեստ», պարոնա՛յք: Առաջարկում եմ՝ Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ, Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանն էլ՝ Նիկոլստան:
Իսկ եթե ավելի լուրջ՝ նշեմ. սա Փաշինյակի իշխանության հերթական խայտառակ որոշումն է՝ փորձելու հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների:
Բա մեկը չկա՞ ասի՝ գրեթե մեկ տարվա ընթացքում Նիկոլի իշխանությունը ինչ լավ բան է արել նույն քաղաքացիների համար՝ թոշակնե՞րն է բարձրացրել, աշխատատեղե՞ր է ստեղծել, ներդրումնե՞ր է բերել,կարմիր գծե՞րն է վերացրել, գյուղատնտեսությո՞ւնն է սուբսիդավորել: Ի՞նչ է արել՝ ոչինչ»,- ասվում է Շարմազանովի գրառման մեջ:
Իսկ Փաշինյանի շուրջ հավաքված պատմաբան պաշտոնյաներին Շարմազանովն առաջարկում է «իրենց շեֆին ծանոթացնել ֆրանսիական Յակոբինյանների տխրահռչակ փորձի հետ, որոնք ամբողջությամբ փոխել էին օրացույցը՝ վերանվանելով օրերն ու ամիսները»: