Իրաքում՝ Տիգրիս գետում, մարտի 21-ին տուրիստական լաստանավի խորտակման հետևանքով զոհվել է 85 մարդ, չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է աճել: Այս մասին հաղորդել են արաբական լրատվամիջոցները: Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են եղել, որոնք լողալ չեն իմացել: Ավելի վաղ հաղորդվում էր 71 զոհի մասին:

Պատահարը տեղի է ունեցել Նովրուզի տոնակատարությունների ժամանակ: Իրաքի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ լաստանավի վրա եղել են տասնյակ ընտանիքներ՝ երեխաների հետ, որոնք ողևորվում էին Մոսուլից 4 կլիոմետր հեռավորության վրա գտնվող զվարճանքների այգի: Ըստ Իրաքի իշխանությունների՝ լաստանավը խորտակվել է գերբեռնվածության հետևանքով: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ լաստանավում կարող էր լինել 170-250 մարդ, սակայն այն նախատեսված է 75 ուղևորի համար:

Արաբական լրատվամիջոցները շեշտում են, որ ողբերգությունից ոչ շատ առաջ իշխանությունները զգուշացրել են մարդկանց հորդառատ անձրևների պատճառով Տիգրիս գետի ջրի մակարդակի բարձրացման մասին, սակայն լաստանավի զբոսավարը՝ կարող էր արհամարհել այդ նախազգուշացումը:

Հավելենք, որ Եփրատից հետո Տիգրիսը Հայկական լեռնաշխարհի երկրորդ ամենաերկար գետն է՝ մոտ 1900 կմ երկարությամբ: Սկիզբ է առնում Հայկական Տավրոսի լեռներից և թափվում է Պարսից ծոց: Հոսում է այժմյան Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի տարածքով: