«Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար» մեկամյա ծրագիրը, որը ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում նվիրված է երիտասարդների շրջանում գործազրկության դեմ պայքարին, հատկապես խոցելի, սոցիալապես անապահով ընտանիքների և սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդների համար:

Ծրագրի կազմակերպիչները հայտնում են, որ միջազգային փորձագետները և մասնագետները, ովքեր մշակել են այն կսովորեցնեն և կվերապատրաստեն երիտասարդներին՝ հաղորդելով նրանց ձեռնարկատիրության, առաջնորդության հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև գաղտնիքներ, թե ինչպես սկսել իրենց փոքր բիզնեսը և ինչպես համապատասխանեցնել իրենց կրթությունը աշխատանքի շուկայի պահանջների հետ:

Այս նպատակով՝ ծրագրին կմասնակցեն 8 պետությունների ներկայացուցիչներ, որտեղ գործազրկության տոկոսը Եվրոպայում ամենաբարձրն է։ Մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Իտալիան, Խորվաթիան, Պորտուգալիան և Ֆրանսիան (ԵՄ Ծրագրային երկրներից 5-ը) և Հայաստանը, Վրաստանն ու Ուկրաինան (Արևելյան գործընկերության երկրներից 3-ը):

Ծրագիրը կիրագործվի 3 հիմնական փուլերով: Սեմինար, երիտասարդական փոխանակման ծրագիր և ամփոփում-արդյունքների գնահատում: Հայաստանում կանցկացվի սեմինարը և փոխանակման ծրագիրը:

Առաջին փուլը կիրականացվի Երևանում, Հայաստանում, կտևի 8 աշխատանքային օր, մարտի 30-ից մինչև ապրիլի 7-ը:

Ծրագրի գնահատման վերջին փուլը՝ ամփոփումը, կիրականացվի Ֆրանսիայում, 2019թ. հոկտեմբերին: