Արմավիրի մարզի Զարթոնք համայնքը դարձյալ պատվել է գարշահոտությամբ: Գյուղի սկզբնամասից արդեն զգացվում է կոյուղաջրերի հոտը, որը տարածվում է գյուղի խորքերը: Եղանակների տաքանալուն պես համայնք մտնելը դառնում է «տհաճ»:

Մարզում շուտով կսկսվի ոռոգման սեզոնը, ինչը տագնապ է առաջացնում գյուղացիների մոտ: «Հետք»-ը դեռևս երկու տարի առաջ անդրադարձել էր, որ Զարթոնք գյուղ կոյուղաջրից բացի՝ ոռոգման այլ ջուր չի մտնում: Այս տարիների ընթացքում ամեն ինչ մնացել է նույնը: 1998թ. սեպտեմբերին համայնքում խոլերա հիվանդություն է տարածվել: Գյուղացիներն այսօր էլ մտավախություն ունեն, որ սուր աղիքային ինֆեկցիոն հիվանդության տարածումը կարող է կրկնվել:

«Ներկայումս մարզի Զարթոնք և հարևան գյուղերի բնակիչներին որպես ոռոգման ջուր մատակարարվում է Մեծամոր և Արմավիր քաղաքների կոյուղաջրերը»,- մեզ փոխանցում է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Ոռոգման համակարգերի բարելավման համար 2018թ. պետական բյուջեի հաշվին պատվիրվել է Զարթոնք գյուղում 5 նոր հորատվող և նույնքան էլ վերականգնվող խորքային հորեր, սակայն գյուղացիները դեռ ստանում են կոյուղաջուր:

Տեղեկացնենք, որ կոյուղաջրերը չեն մաքրվում և նույնությամբ հասնելով գյուղացուն՝ օգտագործվում են դաշտերը ոռոգելու համար: Այսինքն՝ Զարթոնք և հարևան գյուղերում աճեցված գյուղատնտեսական բերքը կարող է վտանգավոր լինել մարդկանց առողջության համար:

2017թ. Արմավիրի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Ղահրամանյանը մեզ տեղեկացրել էր, որ Գերմանական զարգացման բանկի (KFW), ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համատեղ ծրագրերով՝ Մեծամորի նոր մաքրման կայանի կառուցման համար նախատեսվել է 5,9 մլն եվրո:

«Նշված կազմակերպությունների ծրագրերով առաջիկա ամսում նախատեսվում է կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ»,- ասում էր մարզպետը:

Այդ ժամանակ գյուղի ավագանին նույնիսկ ուղերձով դիմել էր այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանին՝ տեղեկացնելով, որ կոյուղաջրերում պարունակվող վնասակար նյութերի մեծ չափաքանակը հանգեցրել է հակասանիտարական վիճակի:

Պարզվում է՝ այս տարիների ընթացքում «շոշափելի» ոչինչ չի արվել: Ըստ ներկայիս մարզպետ Համբարձում Մաթևոսյանի՝ Մեծամորի կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցման շինարարական աշխատանքների մեկնարկը՝ Ջրային պետական կոմիտեի (ՋՊԿ) ծրագրերի միջոցներով նախատեսվում է այս տարի՝ 2019թ.-ին: Նշենք, որ ՋՊԿ-ի ծրագրերն իրականացվում են Գերմանական զարգացման բանկի օգնությամբ: