Սան Պաուլոյի ոստիկանությունը մարտի 21-ին ձերբակալել է Բրազիլիայի նախկին նախագահ Միշել Տեմերին, որին օդանավով կտեղափոխեն Ռիո դե Ժանեյրո: Նրա լիազորությունների ժամկետն ավարտվել էր 2018թ. դեկտեմբերին:

Ինչպես հաղորդում է «Դոյչե Վելլե»-ի ռուսական ծառայությունը, նախկին նախագահին ձերբակալել են պետական պայմանագրեր կնքելու համար կաշառք վերցնելու մեղադրանքով: Տեմերը իր ձերբակալությունը անվանել է բարբարոսություն:

Միշել Տեմերը մասնավորապես կասկածվում է բրազիլական Angra ատոմակայանի երրորդ էներգաբլոկի կառուցման աշխատանքների շրջանակներում մեկ միլիոն բրազիլական ռեալ (մոտ 263 հազար դոլար, խմբ.) կաշառք վերցնելու մեջ: Այս գործով արդեն իսկ դատապարտվել է ևս մեկ նախկին նախագահ: 2003-2011թթ. Բրազիլիան ղեկավարած Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան 2018-ի տարեսկզբին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: BBC-ն էլ ընդգծում է, որ այս գործում ներգրավված են նաև 80 քաղաքական գործիչներ, խոշոր բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, միլիոնավոր դոլարների կաշառքի դեպքեր:

Ընդհանուր առմամբ՝ Բրազիլիայում 77-ամյա Միշել Տեմերի դեմ 10 տարբեր գործ է քննվում: Նրան կասկածում են կոռուպցիայի, փողերի լվացման, արդարադատությանը միջամտելու և հանցավոր համագործակցություն ստեղծելու մեջ:

Միշել Տեմերը Բրազիլիայի նախագահի լիազորությունները ստանձնել էր 2016թ. մայիսին՝ Դիլմա Ռուսեֆի իմպիչմենթից հետո: Այդ գործընթացում Տեմերը հիմնական դերակատարն էր: Տեմերի լիազորությունների ժամկետն ավարտվել էր 2018թ-ի դեկտեմբերին: 2019թ. հունվարի 1-ից Բրազիլիայի նախագահի պաշտոնը ստանձնել է Ժաիր Բոլսոնարուն: