Մարտի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. անդրանիկ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նիստի ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշում է կայացրել այն մասին, որ 2019թ-ի ապրիլի 1-ից հատուցումներ կտրամադրվեն նաև 2008-2014թթ. ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ձեռք բերածներին:

Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն 2018թ-ի սկզբից մինչև օրս իրականացված հատուցումների և նվիրաբերությունների վերաբերյալ, ընդգծելով, որ այս պահի դրությամբ հիմնադրամում հավաքագրված գումարն արդեն հատել է 14 մլրդ., իսկ կատարված ընդհանուր հատուցումները՝ 941 մլն դրամը:

Ընդ որում, նիստին որոշում է կայացվել հաջորդ տարի քննարկել արդեն 2008թ-ից ավելի վաղ տեղի ունեցած դեպքերի փոխհատուցման հնարավորությունը:

Անդրադարձ կատարելով իրականացված աշխատանքներին և ֆինանսական միջոցների հավաքագրման ընթացակարգերին՝ խորհրդի անդամները նշել են, որ փաստացի 2018թ-ին հիմնադրամի ակտիվների կառավարումից գոյացած միջոցները գերազանցել են կատարված հատուցումների ծավալը, ինչը ևս մեկ անգամ վկայում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության բարձր արդյունավետությունը: Ծրագիրը հաջողությամբ շարունակում է գործել հանրության առջև լիարժեք հաշվետվության և բացառիկ թափանցիկության սկզբունքով: