ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտության վարչության պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենին դրդել է 2011թ-ի փետրվարից 2016թ-ի մարտը որպես քոլեջի վարորդ հրամանագրել կրթության և գիտության նախկին նախարարի վարորդին։

ՀՀ ոստիկանության փոխանցմամբ, նա աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է 2.5 մլն դրամից ավելի աշխատավարձ։

Պարզվել է նաև, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով, նախկին նախարարի վարորդին 2009-2016թթ որպես բանվոր է հրամանագրել Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի նախկին տնօրենը։ Վարորդն այստեղ էլ աշխատանքի չի հաճախել, բայց վարձատրվել է։ Արդյունքում՝ քոլեջի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը վատնելու եղանակով հափշտակել շուրջ 4.5 մլն դրամ։

Նախապատրաստված նյութերով միաժամանակ պարզվել է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2016-2017թթ-ին որպես համալսարանի շենքերի, շինությունների և տեխնիկական ծառայությունների բաժնի վարորդ է հրամանագրել նույն անձին։ Վարորդն առանց աշխատանքի հաճախելու կրկին վարձատրվել է։

Նշված ժամանակահատվածում համալսարանը նրան է փոխանցել մոտ 2 մլն դրամ և հատկացրել շուրջ կես միլիոն դրամի՝ 1230 լիտր վառելիք։

Ձեռք բերված փաստական տվյալներով՝ քննության որոշակի փուլում հիմնավորվել է, որ 2009-2017թթ-ի ընթացքում, նշված երեք պետական ոչ առևտրային կազմակերպություններից նախկին նախարարի վարորդի անվամբ փոխանցվել է ընդհանուր մոտ 9 մլն դրամ և կես միլիոն դրամի վառելիք։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։