Ղազախստանի նոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է երկրի մայրաքաղաքը վերանվանելու մասին սահմանադրական փոփոխությունը: Հրամանագիրն ուժի մեջ է մտել մարտի 23-ին, գրում է «Վեդոմոստին»:

Ղազախստանի մայրաքաղաքն այսուհետ պաշտոնապես Նուր Սուլթան է կոչվում:Մայրաքաղաքը վերանվանվել է 30 տարի երկիրը ղեկավարած նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին: Երկրի օրենսդիր մարմինը երկու ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության մեջ փոփոխություն անելու այդ նախագիծը:

Ղազախստանի մայրաքաղաքում նաև բողոքի ցույցեր եղան Աստանան Նուրսուլթան վերանվանելու դեմ: Ցուցարարներից մեկի վեճն իրավապահների հետ քաշքշուկի է վերածվել, որից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 20 ցուցարարի: