Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ, ՀՀ) և Կրթության և առողջապահության ոլորտում հավատարմագրման և որակի ապահովման եվրասիական կենտրոնը (ECAQA, Ղազախստանի Հանրապետություն) փոխըմբռնման հուշագիր են կնքել, որը կոչված է ապահովելու երկու գործակալությունների համագործակցությունը բժշկական կրթության որակի ապահովման ոլորտում։

Փոխըմբռնման հուշագրով կողմերը համաձայնում են զարգացնել համագործակցությունը և փորձի փոխանակում իրականացնել բարձրագույն կրթության, մասնավորապես բժշկական կրթության որակի ապահովման և հավատարմագրման ոլորտում։ Փաստաթուղթը կողմերին նաև համատեղ միջոցառումներ կազմակերպելու հնարավորություն է ընձեռում, ինչպիսիք են համատեղ հավատարմագրումները, հետազոտությունները, դասընթացները։

Հուշագրի շրջանակներում ՈԱԱԿ-ը ղազախ գործընկերներին կներկայացնի բժշկական կրթություն մատուցող ուսումնական հաստատություններում ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման իր փորձը, իսկ ECAQA-ն կներկայացնի, թե ինչպես է տեղայնացրել և ազգային մակարդակում կիրառում Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի (WFME) միջազգային չափանիշները։

Նշենք, որ Կրթության և առողջապահության ոլորտում հավատարմագրման և որակի ապահովման եվրասիական կենտրոնը (ECAQA) որակի ապահովման գործակալություն է՝ մասնագիտացած բժշկական կրթության ոլորտում։

Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիան (WFME) Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Համաշխարհային բժշկական ասոցիացիայի կողմից ստեղծված միջազգային կառույց է։ Այն կոչված է բարելավելու բժշկական կրթության որակը ողջ աշխարհում՝ խրախուսելով միջազգայնորեն ընդունված չափանիշների կիրառումը հավատարմագրման ժամանակ։